Ոսկու գինը շարունակում է նվազել. Միջազգային բորսայում թանկարժեք մետաղի 1 ունցիայի գինը իջել է 1700 դոլարի նշագծից և ներկայումս փոքր-ինչ գերազանցում է 1680 դոլարը, ինչը 15 ամսվա ընթացքում ամենացածր մակարդակն է։
Ոսկին էժանանում է նաև Վրաստանում. Թբիլիսիի ոսկու կենտրոնական բորսայում հայտարարում են, որ 1 գրամ ոսկու գինը նվազել է մոտավորապես 30-35 լարիով։ Այնուամենայնիվ, ոմանք ասում են, որ գինը է՛լ ավելի է իջել՝ 50%-ով։
«Տեսե՞լ եք, թե ինչ է գրված Եվրամիության պատժամիջոցների յոթերորդ փաթեթում։ Երբ Եվրոպան արգելեց ոսկու ներկրումը Ռուսաստանից, Ռուսաստանը մեզ մոտ բերեց այս ոսկին, բեռնատարերով են ներկրել այս ոսկին: Գները նվազել են գրեթե 50 տոկոսով, հիմա 1 գրամը միջինը 85 լարի է, ամենայն հավանականությամբ էլ ավելի կնվազի, թանկացում չենք ակնկալում»,- ասում է առեւտրականներից մեկը։
Հիմնականում առևտրականները մատնանշում են պահանջարկի կտրուկ անկումը, թեև կան մարդիկ, ովքեր ասում են, որ ոսկու պահանջարկը միշտ կա և դեռ չի փոխվել։
Նույն վիճակն է նաև արծաթի և այլ մետաղների դեպքում՝ արծաթի գները տատանվում են 2-7 լարիի միջև, և, ինչպես ասում են առևտրականները, անկումը հասնում է 50 տոկոսի։ Ադամանդների գները նույնպես նվազում են 10-15 լարիով։
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայի սկսվելուց անմիջապես հետո՝ այս տարվա մարտին, ոսկու միջազգային գինը հասավ նույնիսկ 2050 դոլարի, թեև դրանից հետո այն արժեզրկվել է գրեթե 18%-ով։