Լուրեր
Ե՞րբ և ինչպե՞ս է նշվում Վարդավառը
Հուլիսի 24-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը: Տոնը նշանակավոր է բոլոր տարիքի մարկանց համար: Երեխաները և տարեց մարդիկ այս տոնակատարությունը տարբեր ձևերով են նշում:
Փողոցում ամենուրեք երեխաներ են, նրանք վազվզում են շշերով և ջրում միմյանց: Փոքրիկների համար ջրոցին՝ Վարդավառը կրոնական տոնակատարություններից ամենա հետաքրքիրն է: Ջուր լցնելու նշանակությունը չգիտեն, բայց ասում են, որ այս ավանդույթը ամեն տարի պետք է իրականացնել: Ի տարբերություն երեխաների, տոնի նշանակությանը լավ ծանոթ են մեծահասակները:
Թրջող և թրջվող հավատացյալները միմյանց առողջություն և հաջողություն են ցանկանում, ջուրը միաժամանակ նշանակում է աստվածային շնորհ:
Օրվա առաջին կեսին հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց տոնական պատարագ։ Այս տարի ժողովուրդը հավաքվել էր Ծկրուտի եկեղեցում։ Տոնակատարությունը սկսվել է պատարագով, առավոտյան ժամը 10:00-ին Ախալցիխեի Ծկրութի գյուղի մոտ գտնվող եկեղեցում։ Ժամերգությունից հետո եկեղեցու բակում կատարվեց ավանդական ջրցանի ծեսը։
Վարդավառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն այլ կերպ անվանում են նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոն, քանի որ այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակի օրն է, որն ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա, երբ Քրիստոսն իր աշակերտներին «ներկայացավ» արդեն որպես տիրոջ զավակ:
Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշում է Զատկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։
Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից է, որի ծեսերը մասամբ նվիրված են բերք ու բարին ապահովող աստվածություններին։ Վարդավառին սովորաբար եկեղեցուն նվիրաբերում են հասկեր, խնդրում, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից, ծառերի դալար ոստերով զարդարում են տները, ծաղկեփնջեր նվիրում միմյանց, աղավնիներ թռցնում, կազմակերպում ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարում են անասունների ճակատները»։
გააზიარეთ :