Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և կոչ է անում Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրին համապատասխան և մեղադրում է ագրեսիվ գործողությունների մեջ, որոնք, ըստ իրենց տեղեկությունների, հանգեցրել են զոհերի։
«Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։
Ինչպես հստակ սահմանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար:
Ընդգծում ենք, որ մինչ օրս եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա և եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին, անհապաղ ջանքեր գործադրել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված պայմանների իրագործման, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի պահպանման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Մինչ այդ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Հայաստանի ստորաբաժանումների միջեւ բախումներ են տեղի ունենում, կան զոհեր։