Ագահ ալիգատոր՝ Զելենսկին Ռուսաստանի վերաբերյալ
Ռուսաստանն այսօր պաշտոնապես հայտարարեց, թե Ուկրաինայի սեփական ուժերն են գնդակոծել Դնեպրոպետրովսկի մարզի երկաթուղային կայարանը, որի հետևանքով, ըստ ուկրաինական կողմի, երեկ զոհվել է առնվազն 25 մարդ, այդ թվում երկու երեխա։ Հարվածը հասցվել էր Ուկրաինայի անկախության օրը, ճիշտ այն ժամանակ, երբ երկրի նախագահը տեսակապով ելույթ էր ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
Զելենսկին առաջինը հաղորդեց հարձակման մասին՝ կոչ անելով դաշնակիցներին միավորվել. - «Չկա ռազմական հանցագործություն, որը ռուս օկուպանտները դեռ չեն արել Ուկրաինայի տարածքում։ Բայց եթե Ռուսաստանը չկանգնեցվի հիմա և Ուկրաինայում, եթե չկանգնեցվի Ուկրաինայի հաղթանակով, ապա այս բոլոր ռուս մարդասպաններն անխուսափելիորեն կհայտնվեն այլ երկրներում։ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Լատինական Ամերիկա։ Ռուս պատերազմական հանցագործների հետքերն ամենուր են, և մենք բոլորս պետք է հնարավորինս արագ համախմբվենք և վճռական լինենք»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանը համեմատում է ագահ ալիգատորի հետ և ասում, որ Մոսկվան բանակցություններ չի ցանկանում։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, նա ասել է Սլովենիայում ռազմավարական ֆորումի մասնակիցների առջև ելույթ ունենալիս։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է վերադարձնել իր տարածքները, և այս գործընթացը կարող է տարբեր լինել։
«Սակայն ցանկացած բանակցությունների համար երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն։ Սա Ռուսաստանի իշխանության հերթական հրապարակային սուտն է։ Նրանք պատրաստ չեն բանակցել, չեն ուզում։ Նրանց ընկալմամբ՝ բանակցությունները վերջնագիր են, որում մենք պետք է ընդունենք, որ Դոնբասը և Ղրիմը ռուսական տարածքներ են»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը։
Զելենսկու խոսքով՝ ռուսներն արդեն հրապարակայնորեն խոսում են այն մասին, որ Ուկրաինան նույնպես պետք է ճանաչի ժամանակավորապես օկուպացված տարածքները Ուկրաինայի հարավում որպես ռուսական տարածքներ այն բանից հետո, երբ այնտեղ կանցկացվեն այսպես կոչված հանրաքվեներ: Զելենսկին Ռուսաստանին անվանել է «ագահ ալիգատոր»:
«Իրենց հետ ոնց խոսես, մի կես տարուց էլի կգան մեր մյուս տարածք։ Ցանկանում եմ, որ դուք բոլորդ դա գիտակցեք մեզ հետ միասին»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ պետք է գիտակցել, որ իրականում Ռուսաստանն այնքան էլ ուժեղ ու հզոր չէ։
«Մենք պետք է մոռանանք այս մեծ պետականության մասին լեգենդը։ Մենք դա ցույց կտանք մարտի դաշտում»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։