10-15 տարի ազատազրկում՝ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով փոփոխություններ է արվում Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում՝ դասալքության, կողոպուտի և հանձնվելու համար պատժելու մասին, հայտնում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալը, փոխանցում է Ինտերֆաքսը։
Մասնավորապես, օրենքը Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում ներմուծում է «մոբիլիզացիա», «ռազմական դրություն» և «պատերազմական ժամանակ» հասկացությունները։
Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում ներդրվել են նաև մի շարք նոր հոդվածներ։
Փաստաթղթում նշվում է, որ պետական դավաճանության նշանների բացակայության դեպքում կամավոր գերի հանձնվելը կպատժվի առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկմամբ։
Զորահավքի կամ ռազմական դրության պայմաններում դասալիքները կպատժվեն մինչև 15 տարի ազատազրկմամբ:
Ազատազրկում է սահմանվում նաև ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու համար։
Պուտինը օրենք է ստորագրել նաև զինվորական ծառայության անցնելու պայմանագիր կնքած օտարերկրացիներին պարզեցված ընթացակարգով Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին։