Պարտադիր զինվորական ծառայությունը վերանայվել է, այն կբարեփոխվի, և բոլոր անձինք պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն միայն պաշտպանության նախարարությունում, այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մինչ այժմ համակարգը այնքան էլ արդյունավետ չէր, որքան պետք է լիներ:
«Մինչ այդ համակարգը մասնատված էր ու արդյունավետ չէր, դա պետք է խոստովանենք։ Բոլոր վերլուծությունների համաձայն՝ այս ծառայությունը չի ապահովել այն էֆեկտը, որը մենք ցանկանում ենք ստանալ։ Ուստի մենք զրույց ունեցանք անվտանգության ծառայության կազմում ընդգրկված նախարարությունների հետ և պայմանավորվեցինք, որ պարտադիր զինվորական ծառայությունն ամբողջությամբ կփոխանցվի ՊՆ համակարգին։ Կստեղծվի արդյունավետ համակարգ, ծրագիրը կլինի վեց, ութ և 11 ամիս։ Դա լինելու է ինտենսիվ զորավարժություն։ Այս ծրագիրն ավարտելուց հետո անձը կանցնի պարտադիր զինվորական ծառայություն և կշնորհվի շարքայինի կոչում։ Հիմնական նպատակը լինելու է հզոր ռեզերվի ստեղծումը»,- ասել է վարչապետը։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ նախագիծը կարժենա ավելի քան 80 մլն լարի։
«Համալրումը մարզային նախարարության փոխարեն կիրականացնի պաշտպանության նախարարությունը։ Այս գործընթացը կսկսվի հունվարից, սակայն ծրագիրը կիրականացվի 2025 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այդ համակարգը պատրաստ կլինի։ Մենք ցանկանում ենք պաշտպանական կենտրոններ կառուցել մարզերում, որպեսզի երիտասարդների համար ավելի հեշտ լինի տեղեկատվություն ստանալը։ Այս նախագիծը մեզ կարժենա ավելի քան 80 մլն լարի»,- ասել է Ղարիբաշվիլին։