Վարկերը թանկացել են՝ ում համար և ինչպես է փոխվել տոկոսադրույքը
2022 թվականի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, ընդհանուր առմամբ վարկերի տոկոսադրույքներն աճել են։ Մասնավորապես, ըստ Ազգային բանկի տվյալների, հոկտեմբերին վարկերի տոկոսադրույքը կազմել է 13,3%, մինչդեռ այս տարվա սեպտեմբերին այդ տոկոսադրույքը կազմում էր 12,9%:
2022 թվականի հոկտեմբերի դրությամբ արտարժույթով տրված վարկերի տոկոսադրույքները սեպտեմբերի համեմատ նվազել են 7,4%-ից մինչև 7,1%։ Այդ թվում, իրավաբանական անձանց տրամադրված վարկերի տոկոսադրույքները 7,7%-ից նվազել են մինչև 7,6%, իսկ ֆիզիկական անձանց համար՝ 6,4%-ից մինչև 6,1%:
Ինչ վերաբերում է ազգային արժույթով տրամադրված վարկերին, ապա տոկոսադրույքները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 16,1%-ից մինչև 16,4%։ Այդ թվում՝ իրավաբանական անձանց տրամադրված վարկերի տոկոսադրույքը 13,8%-ից նվազել է մինչև 13,6%, իսկ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի տոկոսադրույքը մեկ ամսում 18,1%-ից աճել է մինչև 18,3%։
Ինչ վերաբերում է տարեկան տվյալներին, ապա 2021 թվականի հոկտեմբերի համեմատ վարկերն աճել են 12.2%-ից մինչև 13.3%։ Դրանցից մեկ տարում արտարժույթով տրված վարկերի տոկոսադրույքը 6,1%-ից հասել է 7,1%-ի, իսկ ազգային արժույթով տրամադրված վարկերինը՝ 15,6%-ից 16,4%-ի։