Չեմ ողջունում Ռուսաստանի հետ չվերթների վերականգնումը. Զուրաբիշվիլի
Ես չեմ ողջունում Ռուսաստանի հետ չվերթների վերականգնումը,- ասված է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ։
Նախագահի խոսքով, «այն ժամանակ, երբ մեր բոլոր գործընկեր երկրները, խոսքով կամ գործով, առավելագույն համերաշխություն են հայտնում Ուկրաինայի անձնազոհ պայքարին, ինձ և հասարակության մեծ մասի համար վստահ եմ, որ կառավարության ու իշխող կուսակցության դիրքորոշումը, մեղմ ասած, անհասկանալի են»։
«Ես չեմ կարող համաձայնվել այն փաստարկի հետ, որով նրանք պաշտպանում են այս դիրքորոշումը, այն է՝ իբր դա ծառայում է Ռուսաստանում ապրող վրացիների խնդիրները մեղմելուն։ Հատկապես այն պատճառով, որ ամիսներ շարունակ, չնայած իմ բոլոր ջանքերին, ես չեմ կարողացել արդյունքի հասնել քաղաքացիության տրամադրման չափանիշների պարզեցման հարցում, մի խնդիր, որն ամենից շատն է անհանգստացնում արտերկրի մեր հայրենակիցներին, այդ թվում՝ Ռուսաստանում գտնվող:
Այս պահին, եթե մենք հիշում ենք Ռուսաստանի հնացած հնարքները, ապա պետք է հասկանանք, որ Կրեմլը նման թեմաները բարձրացնում է, երբ հույս ունի ինչ-որ ճեղքվածք ստեղծել մեր և մեր արևմտյան գործընկերների միջև։
Սա անթույլատրելի է:
Փոխարենը, ինչպես ես բազմիցս հորդորել եմ կառավարությանը, անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել Ռուսաստանի քաղաքացիների հոսքի հարցը՝ իր բոլոր սոցիալական և քաղաքական պարամետրերով, որպեսզի հասարակությունը զգա, որ իր ազգային շահերն ու անվտանգությունը հաշվի են առնվում և պաշտպանվում։
Մեզ անհրաժեշտ են կանոնակարգեր՝ կապված աշխատանքային իրավունքների, բիզնեսի գրանցման, սեփականության ձեռքբերման կամ ռուսալեզու դպրոցների բացման հետ:
Նաև թռիչքները վերսկսելու փոխարեն կառավարությունը պետք է հոգա երկրի հեղինակության մասին, կտրականապես պատասխանի երկրի հասցեին հնչող մեղադրանքներին՝ Վրաստանի միջոցով պատժամիջոցները շրջանցելու մասին։
Այս ամենը պահանջում է լուրջ պետական մոտեցում և մեղադրանքների հերքում, որը կլինի կատեգորիկ և փաստերի վրա հիմնված»,- ասված է Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ։