ՌԴ-ն ավելի քան 129 մլն եվրո պետք է վճարի Վրաստանին. դատարանի որոշումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է ավելի քան 129 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման և 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասների համար։
Դատարանի մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ Մեծ պալատի այսօրվա որոշմամբ՝ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» (II) գործով (Դիմում թիվ 38263/08) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննարկել է արդարացի փոխհատուցման հարցը (հոդված 41): Գործը վերաբերում էր Վրաստանի կառավարության պնդումներին՝ կապված Ռուսաստանի Դաշնության վարչական պրակտիկայի հետ, որը հանգեցրել է Կոնվենցիայի տարբեր խախտումների՝ կապված 2008 թվականի օգոստոսին Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև զինված հակամարտության հետ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմող կառավարությանը վճարի 3,250,000 եվրո՝ Հարավային Օսիայի վրացական գյուղերում առնվազն 50 զոհերի կրած ոչ նյութական վնասի համար:
Դատարանի որոշման համաձայն՝ պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմող կառավարությանը վճարի 2,697,500 եվրո՝ օգոստոսին վրացի քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վարչական պրակտիկայի և կամայական կալանավորման առնվազն 166 զոհերի կրած ոչ նյութական վնասների փոխհատուցման համար։ 2008 թվականի 10-27-ը Ցխինվալիում, նրանց ձերբակալել են հարավօսական ուժերը Հարավային Օսիայի ՆԳՆ նկուղում։
Բացի այդ, դատարանի որոշման համաձայն՝ պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմող կառավարությանը վճարի 640,000 եվրո՝ խոշտանգումների առնվազն 16 զոհերի կրած ոչ նյութական վնասների փոխհատուցման համար։
Մամուլի հաղորդագրության մեջ բացատրվում է, որ սույն գործով հիմնական որոշումը կայացվել է 2021 թվականի հունվարի 21-ին, որից հետո դատարանը հրավիրել է դիմումատու կառավարությանը և պատասխանող կառավարությանը՝ ներկայացնելու իրենց մեկնաբանությունները գործի վերաբերյալ։