Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կբացվի մայիսի 20-ին
Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան կապող երկաթգիծը՝ Բաքու-Թբիլիսի-Կարսը կբացվի վերակառուցումից մոտ երկու շաբաթից։ «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավար Ռովշան Ռուստամովի խոսքով՝ երկաթուղային գիծն ամբողջությամբ կշահագործվի մայիսի 20-ից։
Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է Կարս-Ախալքալաք 98 կմ երկարությամբ երկաթգիծը, որից 68 կմ-ն անցնում է Թուրքիայի տարածքով, 30 կմ-ը՝ Վրաստանով։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում իրականացվել է Ախալքալաք-Թբիլիսի 183 կիլոմետրանոց հատվածի վերակառուցումը։ Մայրուղու վրացական հատվածի աշխատանքները ֆինանսավորել է Ադրբեջանը, որը Վրաստանին երկու արտոնյալ վարկ է տվել 775 մլն դոլարի չափով։
Անցյալ տարվա գարնանը արդիականացման պատճառով նշված երկաթուղային մայրուղով դադարեցվել էր երթեւեկությունը։ Ենթադրվում է, որ առաջին փուլում բեռնաշրջանառությունը կհասնի տարեկան 6,5 մլն տոննայի, իսկ ուղեւորների ծավալը կհասնի մինչեւ մեկ միլիոն մարդու։