ՀԿ-ները պատրաստվում են սահմանադրական հայց՝ ընդդեմ գործակալների օրենքի
Վրաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նշում են, որ շարունակում են իրենց իրավական պայքարը «գործակալների օրենքի» դեմ։ Մայիսի 30-ին տեղի ունեցած համատեղ ճեպազրույցում նրանք հայտարարեցին, որ կիրառելու են ներպետական և միջազգային մեխանիզմներ՝ արգելափակելու օրենքի կիրարկումը։ Կազմակերպությունները հայց են նախապատրաստում Վրաստանի Սահմանադրական դատարան ներկայացնելու համար։
«Վրացական ոչ կառավարական կազմակերպությունները շարունակում են իրենց օրինական պայքարը ռուսական օրենքի դեմ։ Մենք հայտարարում ենք, որ չենք ապրելու ռուսական օրենսդրության կանոններով և օգտագործելու ենք ներպետական և միջազգային բոլոր մեխանիզմները՝ խոչընդոտելու դրա գործունեությունը, մինչև օրենքը անվերապահորեն չեղարկվի։ Դրա համար մենք հայց ենք պատրաստում, որը կներկայացնենք Վրաստանի Սահմանադրական դատարան և կանդրադառնանք առաջիկայում։
Սահմանադրական դատարանը կարող է գործել Սահմանադրությամբ վերապահված լիազորություններով և կասեցնել օրենքի համապատասխան հոդվածների գործունեությունը»,- նշում են հասարակական կազմակերպությունները, որոնք միաժամանակ պատրաստվում են բողոք ներկայացնել Եվրոպական դատարան։
«Մենք Սահմանադրական դատարանը չենք համարում մեր իրավական պայքարի միակ ճանապարհը: Եթե Սահմանադրական դատարանը չգործի ժամանակին, մենք կկիրառենք այլընտրանքային իրավական մեխանիզմ։ Միաժամանակ մենք պատրաստվում ենք բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: