Ինչպես է արտասահմանյան օգնությունը փոխել տարածաշրջանի կյանքը
18:05 / 09.07.2024
Ուսանողները, ֆերմերները, հաշմանդամություն ունեցող անձինք, աշխատել ցանկացողները՝ բոլորը կարևոր աջակցություն են ստանում արտասահմանյան կազմակերպություններից: Դոնորները գրեթե բոլոր ոլորտներում օգնում են Վրաստանի բնակչությանը: Հաճախ հենց նրանց ֆինանսական աջակցությամբ ստեղծվում են կենսական կարևոր ծառայություններ:
Ախալցխացի Մարիամ Բոչիկաշվիլին այժմ կիսում է Հունգարիայում ապրելու և աշխատելու իր փորձը այլ համաքաղաքացիների հետ: 19-ամյա ուսանողուհին Բուդապեշտում գտնվում էր կամավորության փոխանակման ծրագրով՝ երկու այլ ախալցխացի երիտասարդների հետ միասին: Երկու ամսվա ընթացքում ուսանողները աշխատում էին տեղական կազմակերպությունների հետ, գրում էին նախագծեր և կազմակերպում էին շնորհանդեսներ:
Եթե չլիներ Եվրոպական համերաշխության կորպուսի երիտասարդական կամավորական ծրագիրը, Ախալցիխեցի ուսանողներին դժվար կլիներ սեփական ծախսերով մեկնել և ապրել Եվրոպայում: Նախագիծը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, որի նպատակն է կամավորության միջոցով նպաստել համերաշխությանը, ուժեղացնել երիտասարդների և կազմակերպությունների մասնակցությունը համերաշխության միջոցառումներում: Երիտասարդներին հնարավորություն է տալիս մասնակցել համատեղ գործունեության, բարելավել կրթական, սոցիալական, քաղաքացիական, մշակութային և մասնագիտական զարգացման հմտություններն ու կարողությունները:
Մարիամի խոսքով, ծրագրով ստեղծվեց հավասարության զգացում, որ ֆինանսական վիճակից անկախ, բոլորին կարող է հնարավորություն տրվել արտասահմանում սովորելու։
«Այս ծրագրով իմ ինքնավստահությունը աճեց, ես դարձա ավելի ինքնավստահ։ Սովորեցի, թե ինչպես լուծել խնդիրները, փոքրիկ մարտահրավերները, որոնք ուղեկցում են միայնակ կյանքին, հատկապես, երբ արտասահմանում ես և հույսդ միայն քո վրա է», - պատմում է Մարիամը։
Մարիամ Բոչիկաշվիլին Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի է։ Ոչ ֆորմալ կրթության անհրաժեշտությունը դեռ 15 տարեկանում տեսավ և դիմեց հասարակական կազմակերպություն «Դեմոկրատ Մեսխերի Միությանը»: Մշտապես մասնակցում էր սեմինարներին, հանդիպում տարբեր մասնագիտությունների մարդկանց հետ, ապա ինքն էր անցկացնում թրեյնինգներ։ Մինչ օրս ակտիվորեն համագործակցում է կազմակերպության հետ։
«Դպրոցը անում է իր հնարավորությունների առավելագույնը՝ ուսանողներին զարգացնելու համար, սակայն բացի դրանից, անհրաժեշտ են հավելյալ միջոցներ և հնարավորություններ բոլոր երիտասարդների համար, որպեսզի նրանց աշխարհայացքն ու ապագան այլ տեսանկյունից էլ զարգանա։ Երբ ես սկսեցի որոնել ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվող կազմակերպությունների մասին, առաջինը «Դեմոկրատ Մեսխերի Միություն»-ն էր, որի մասին հաճախ էի լսում իմ հասակակիցներից, մեծ ընկերներից և ազգականներից։ Եթե այս կազմակերպությունը չլիներ, ես չեմ կարծում, որ այսքան ինքնավստահ և անկախ մարդ կլինեի, չէի ունենա այսքան կապեր ոչ կառավարական կազմակերպությունների հետ։ Դարձա ավելի անկախ, շատ բաներ վերանայեցի», - ասում է Մարիամը։
Հասարակական կազմակերպությունների օգնությամբ, Թամազ Շավաձեն փոխարինել է անասունների խնամքի և հողագործության ավանդական մեթոդները ժամանակակից մոտեցումներով։ Երիտասարդ ֆերմերը ասում է, որ ստիպված էր գյուղատնտեսության մեջ բազմաթիվ հարցեր նորովի ուսումնասիրել, ինչը նրա աշխատանքը ուղղել է ավանդական ֆերմերությունից դեպի բիզնես։
Թամազ Շավաձեն ապրում է Ասպինձայի Ռուսթավի գյուղում, նրա ֆերման արտադրում է կաթ և միս։ Ներկայումս նա ունի 36 գլուխ անասուն, ինչը միջինում կազմում է օրական 100 լիտր կաթ։ Արտադրանքը հանձնում է վերամշակման գործարանին։ Մինչ 2012 թվականին «Վրաստանի բիզնեսի զարգացման կենտրոն Կովկաս»-ի հետ համագործակցությունը սկսելուց առաջ, նա անասնապահությունը չէր համարում հիմնական եկամտի աղբյուր։
«Վրաստանի բիզնեսի զարգացման կենտրոն Կովկաս»-ը մեր գյուղում սկսեց ֆերմաներում ոռոգման համակարգերի տեղադրում։ Առաջին փուլում դա արվեց մի քանի ֆերմերների հետ, ես չէի համագործակցում։ Բայց երբ տեսա, որ լավ գործ են անում, ես էլ նրանց կողքին կանգնեցի», - պատմում է Թամազ Շավաձեն։
Ավելի ուշ, Ֆրանսիայի ֆերմերների ասոցիացիայի առաջարկությամբ, մի քանի տեղական ակտիվ ֆերմերներ որոշեցին ստեղծել կազմակերպություն, որտեղ իրենց խնդիրների մասին բարձրաձայն կխոսեին և կփորձեին գտնել լուծման ուղիներ։ Այսպես ստեղծվեց ֆերմերների նախաձեռնողական խումբը, որը 2015 թվականին ստացավ պաշտոնական ձևաչափ և ստեղծվեց «Սամցխե-Ջավախքի ֆերմերների ասոցիացիա «Միասնություն»-ը։ Նրա ղեկավարն է Թամազ Շավաձեն։
«Մեր ասոցիացիան բարձրաձայն խոսում է բոլոր այն խնդիրների մասին, որոնք ֆերմերներին ունեն և որոնք պետք է լուծվեն, իսկ «Բիզնեսի զարգացման կենտրոնի» տեխնիկները օգնում են, թե ինչպես կարելի է պայքարել այդ խնդիրների դեմ, ինչպես արձագանքել ցանկացած նոր մարտահրավերին և նորարարությանը։ Սակայն խնդիրները շատ են, և մեկ կազմակերպությունը չի կարող այսքան հարց լուծել, բայց կարող եմ ասել, որ մենք արդեն կրթված ֆերմերներ ենք, սովորեցինք, թե ինչ է ֆերմերությունը և ինչպես պետք է մեր գործն անել»։
Թամազ Շավաձեն ասում է, որ ֆերմերությունը շահավետ է, երբ անասունների կերակրումը քիչ ծախսերի հետ է կապված, այդ պատճառով նա սկսել է պատրաստել բյուջետային և որակյալ կեր՝ սիլոս։ ԱՄՆ-ի կազմակերպությունը՝ Land O'Lakes Venture37-ը, նրան տրամադրել է թանկարժեք տեխնիկա՝ եգիպտացորենի հավաքող-փշրող, որից Սամցխե-Ջավախեթիում միայն երկու հատ կա և արժե 15,000 դոլար։ Մի տարի էլ չի անցել, Land O'Lakes Venture37-ի օգնությամբ նա կառուցեց ֆերմա՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան։ «Այսօր ֆերմերությունը այնքան եկամտաբեր չէ, որ ֆերման առանց դոնորի աջակցության կարողանաս ստեղծել։ Ամերիկյան կազմակերպության՝ Land O'Lakes Venture37-ի ծրագրի շրջանակներում ինձ տրամադրեցին տեխնիկա-սարքավորումներ, որոնք իմ ֆերմայի ապագա գործունեության համար անհրաժեշտ են։ Տեխնիկան վարձակալելու կարիք չունեմ, եթե նման դոնորներ չլինեին, վրացի ֆերմերները երբեք չէին կարողանա նոր տեխնիկա գնել»։
Թամազ Շավաձեի համագործակցությունը դոնոր կազմակերպությունների հետ այսքանով չի ավարտվել։ 2021 թվականին, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 40%-անոց համաֆինանսավորմամբ, նա ձեռք է բերել տրակտոր, որը համարում է ֆերմերների աջ ձեռք։ Ֆրանսիական հասարակական կազմակերպության՝ fert-ի դրամաշնորհով նա նաև ստացել է եգիպտացորենի սերմնացան։ Մարիամ Լեկիշվիլին չորրորդ կուրսի ուսանողուհի է։ Չնայած նրան, որ էկոլոգիայի և շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրում է սովորում, արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատում է կարի արտադրամասում։ Հիմնականում զբաղվում է պատրաստի հագուստի մոդելավորմամբ։ Հեշտ կարուձևի երեքամսյա անվճար դասընթացը անցել է 2022 թվականի գարնանը «Ախալցիխեի մեծահասակների կրթության կենտրոնում»։ Նրա հետ միասին վերապատրաստվել են երեք մեծահասակ կին։ Ի տարբերություն Մարիամի, նրանց կարուձևի դասընթացից ստացած գիտելիքները կենցաղային գործերի համար էր անհրաժեշտ։
«Երբ համալսարան ընդունվեցի, համավարակի ժամանակաշրջան էր, 2021 թվականը։ Դասավանդումը առցանց էր, և մտածեցի ինչ-որ բանով ուրախացնեմ ինձ։ Հեշտ դասընթաց էր, ստանում էինք նվազագույն, հիմնական գիտելիքներ, որոնք հիմնականում կենցաղային գործերում էին օգտակար։ Այնպես որ, կուրսի տարեկիցները, որոնց հետ ես անցա այս դասընթացը, 35 տարեկանից բարձր էին։ Նրանք կայացած կանայք էին, բոլորը իրենց գործն ունեին կյանքում, ընտանիքներ ունեին, և ես էի միակ երիտասարդը։ Սկզբում ես նույնպես չէի մտածում, որ դա իմ մասնագիտություն կդառնա, բայց հետո ժամանակը ցույց տվեց, ես փորձեցի, առաջ քայլ կատարեցի և վերջապես ես այն տեղում եմ, որտեղ գտնվում եմ այսօր», - Մարիամը պատմում է, թե ինչպես հոբբին դարձավ իր աշխատանքն ու եկամուտի հիմնական աղբյուրը։
Դասընթացն անցնելուց հետո նա սկսեց աշխատել կարի գործարանում, ապա շարունակեց գործունեությունը մասնավոր կարի արտադրամասում։
«Ինձ համար մեծ առավելություն է, որ իմ տարածաշրջանում, քաղաքում աշխատելով, երիտասարդ եմ, ուսանող, ես ունեմ իմ եկամուտը ոչ միայն հիմնական մասնագիտությամբ, այլև հոբբիով և լրացուցիչ աշխատանքով։ Դա ինձ տալիս է հեռանկար և ավելի մեծ հնարավորություններ՝ առաջ շարժվելու համար»։
Մոտ 20 հատուկ կարիքներ ունեցող երեխա Ասպինձայից, Ադիգենից և Ախալցիխեից հաճախում են «Երեխաների և դեռահասների զարգացման կենտրոն»՝ իրենց զարգացման համար կենսական նշանակություն ունեցող թերապիա ստանալու համար։ Ախալցիխեում նման ծառայություն ստեղծելու հիմնական պատճառը Գիորգին է։ Նա այժմ 18 տարեկան է, աուտիզմի ախտորոշմամբ, և չնայած չափահաս լինելուն, դեռևս կենտրոնի շահառու է։ Նա շաբաթական երկու ժամ թերապևտի հետ սեանսներ ունի։
«Թերապիան ցանկացած վարքի ուսուցումն է։ Դա կարող է լինել վատ վիճակ դպրոցում կամ մանկապարտեզում, երբ երեխաները չեն կարողանում հարմարվել հասարակությանը և ունեն տարբեր վարքագծեր, դա կարող է լինել խոսքի կամ շարժողական խանգարումներ։ Մենք սա շտկում ենք և պատրաստում ենք նրանց անկախ կյանքի համար», - ասում է Գիորգիի մայր Էլիսո Թաթեշվիլին։
Երբ Գիորգիի աուտիստական սպեկտրի խանգարման ախտորոշումը հաստատվեց, մայրն անգամ Թբիլիսիում դժվարությամբ գտավ կոմպետենտ մասնագետ, որը կսովորեցներ, թե ինչպես կառավարել իրավիճակը։ Թերապիային մայրաքաղաքում երկու տարի հաճախելուց հետո, Էլիսոն որոշեց, որ նման կենտրոն Ախալցիխեում էլ պետք է լիներ։ Այսպես, օտարերկրյա նվիրատուների օգնությամբ, 2010 թվականին բացվեց «Կանաչ տունը»։
Ներկայումս «Երեխաների և դեռահասների զարգացման կենտրոնում» երեք թերապևտ է աշխատում, այդ թվում՝ հայերեն լեզուն իմացող մասնագետ։ Թիմը այժմ պատրաստվում է վերապատրաստել սուպերվայզորին, ինչը շահառուներին լիարժեք թերապիա տրամադրելու հնարավորություն կտա։ Էլիսո Թաթեշվիլին ասում է, որ կենտրոնի գործունեության և զարգացման բոլոր գործընթացներում կենսական նշանակություն ունեն նվիրատվություններն ու դոնորների դրամաշնորհները։ Կազմակերպությունը կարողացել է աջակցություն գտնել ոչ միայն ֆրանսիացի նվիրատուների, այլև Վրաստանի քաղաքացիների շրջանում։
«Վրաստանում մասնավոր անձանց նվիրատվություններով մենք հավաքեցինք 10,000 լարի, ինչը մեզ հնարավորություն տվեց Ադիգենի և Ասպինձայի գրեթե բոլոր մանկապարտեզներում տեղեկատվական հանդիպումներ կազմակերպել, հանդիպեցինք ծնողների և անձնակազմի հետ, ինչպես նաև հրատարակեցինք և տարածեցինք ձեռնարկ ծնողների համար՝ աուտիստական սպեկտրի վերաբերյալ։ Նման հարցերը շատ օգնում են մարդկանց, որպեսզի նրանք տեղեկություն ստանան։ Չնայած այն բանին, որ աուտիզմը լայնորեն հայտնի է, տարածաշրջաններում դեռևս կա տեղեկացվածության պակաս։ Այս գումարով մենք կարողացանք կենտրոն բերել և վերապատրաստել հայերեն խոսող թերապևտ։ Այսօր մենք կարող ենք հայերեն խոսող բնակչությանը մատուցել նույն ծառայությունը», - պատմում է Էլիսոն։ Բոլոր հասարակական կազմակերպությունները, որոնք օգնել են մեր նյութի հերոսներին զարգացման և առաջընթացի գործում, այսպես կոչված «ռուսական օրենքի» համաձայն, մեկ ամսվա ընթացքում պարտավորվելու են գրանցվել որպես օտար ուժի շահերի ներկայացուցիչ կազմակերպություններ։
Քաղաքացիական հատվածի մեծ մասը հրաժարվում է գրանցվել և ասում է, որ դա արժանապատվությունը նսեմացնող է և հասարակական կազմակերպությունների վարկաբեկմանը միտված։ Եթե նրանք այլևս չկարողանան աշխատել, հազարավոր շահառուներ կմնան առանց աջակցության։
«Օտար ազդեցության թափանցիկության մասին» օրենքի համաձայն, այն լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտար ուժի շահերի ներկայացուցիչ կազմակերպություն», հակառակ դեպքում կկանգնեն տուգանքի առաջ։ Նման օրենքը գործում է Ռուսաստանում 2012 թվականից, ինչի հետևանքով բազմաթիվ կազմակերպություններ փակվեցին։ Ռուսաստանում այլևս գոյություն չունեն անկախ լրատվամիջոցներ և քաղաքացիական հասարակություն։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.