Լուրեր
Միլիոնատեր պատգամավորների շարքում ընդգրկվել է Անտոն Օբոլաշվիլին
Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանքի» ցուցակից ընդգրկվել են մեկ միլիարդատեր և 16 միլիոնատեր, որոնց թվում է նաև Սամցխեի պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին, ով կառավարման կուսակցության ցուցակում գրանցված էր 37-րդ համարով։
«Վրացական երազանքի» պատգամավորների ունեցվածքը պարզել է «Ռադիո Ազատությունը»: tv9news.ge-ն ներկայացնում է Բորջոմիի, Ախալցիխեի, Ասպինձայի և Ադիգենի պատգամավորի ունեցվածքի վիճակը։
Անտոն Օբոլաշվիլի #37
50-ամյա Անտոն Օբոլաշվիլին ապրում է կնոջ՝ Լիա Օբոլաշվիլիի հետ։ Պատգամավորը իր վերջին հայտարարագիրը լրացրել է 2024 թվականի փետրվարի 22-ին։
Ամուսիններն ունեն բնակարաններ Թբիլիսիում, Բակուրիանում, Փարիզում, Դուբայում և հողամասեր Ադիգենի մունիցիպալիտետում։ Անցած տարի նրանք գույքահարկի համար վճարել են 10 հազար լարիից ավել։
Պատգամավորը չորս տարի է, ինչ լրացնում է ունեցվածքի հայտարարագիրը, սակայն միայն «Ստուդիա Մոնիտորի» պատրաստած հետաքննական ռեպորտաժից հետո, 2024 թվականի փետրվարին, հայտարարագրում արտացոլեց Դուբայում 2015 թվականին ձեռք բերված երկու բնակարանը, որոնց արժեքը գերազանցում է 3 միլիոն լարին։ Նրան է պատկանում նաև Փարիզում 1,2 միլիոն եվրոյով գնված բնակարանն ու ավտոտնակը։Ամուսինների անունով գրանցված է երեք ավտոմեքենա, որոնց թվում է նաև 2023 թվականի նոյեմբերին 127,000 եվրոյով գնված PORSHE-CAYENE ավտոմեքենան և երեք թանկարժեք ժամացույց։Պատգամավորի եկամուտի հիմնական աղբյուրը դիվիդենտներն են, որոնք նա ստանում է «Գլոբալֆարմ» դեղագործական ընկերությունից։ Խորհրդարանում նրա տարեկան աշխատավարձը մոտ 43 հազար լարի էր, սակայն այս ընկերությունից ստացած եկամուտը 100 անգամ գերազանցում է այդ ցուցանիշը։
Հենց այս ընկերությունը դարձավ «Ազատության մոնիտոր» հետաքննական ռեպորտաժի թեման, որտեղ նկարագրված էր արատավոր սխեման՝ ինչպես էին բժիշկները դեղագործական ընկերություններից ստացած գումարի դիմաց հիվանդներին նշանակում այդ ընկերությունների դեղերը։
Անտոն և Լիա Օբոլաշվիլիների բանկային հաշիվներում հայտարարագրված է ավելի քան 180 հազար դոլար, 110 հազար եվրո և 60 հազար լարի գումար։ Բացի այդ, նրանք ունեն նաև կանխիկ գումար՝ 40 հազար դոլար, 35 հազար եվրո և 80 հազար լարի։
გააზიარეთ :