Ձնաբքի պատճառով Սամցխե-Ջավախեթիի մի հատվածում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է նոյեմբերի 25-ից։ Ինչպես «Էներգո-Պրո Ջորջիա»-ից հայտնել են tv9news.ge-ին, ինտենսիվ ձյան պատճառով վնասվել են էլեկտրագծերը, ինչի հետևանքով Ախալցխեի Ուրավելի կիրճի մի քանի գյուղերում, ինչպես նաև Ասպինձայում, Վարձիայի շրջակա գյուղերում, դադարեցվել է էլեկտրամատակարարումը։
«Մեր աշխատակիցներն արդեն գտնվում են վնասված վայրերում և աշխատում են։ Էլեկտրամատակարարումն արդեն վերականգնվել է մի մասի համար, իսկ մյուսների համար այն կվերականգնվի շուտով»,- հայտնել են «Էներգո-Պրո Ջորջիա»-ից։
Անսպասելի ձյունը խնդիրներ է առաջացրել նաև գյուղեր տանող ճանապարհներին։ Ինչպես տեղեկացնում են Ախալցխեի մունիցիպալիտետից, այս պահին Ուրավելի կիրճի, Սվիր և Բոգա գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև Էլիածմինդա-Ճվինթա-Ծղրութի ճանապարհներին, իրականացվում են մաքրման աշխատանքներ։