Հռոմի Պապ դարձավ ամերիկացի Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը
Կաթոլիկ եկեղեցին նոր առաջնորդ ունի։ Նոր Պապ է ընտրվել կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը։ Նա կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին ամերիկացի Պապն է։
69-ամյա Ռոբերտ Պրևոստը ծնվել է Չիկագոյում։ Նրա պապական անունը կլինի Լեոն 14-րդ։ 2015-2023 թվականներին նա ծառայել է որպես եպիսկոպոս Պերուի թեմերից մեկում։ 2023 թվականին նրան կարդինալ է նշանակել Պապ Ֆրանցիսկոսը, իսկ 2024 թվականի փետրվարին Պրևոստը առաջադրվել է կարդինալ-եպիսկոպոս և նշանակվել է Ալբանոյի թեմի ղեկավար՝ Հռոմի նահանգում։
Սիքստինյան կապելայի տանիքից այս երեկո դուրս եկած սպիտակ ծուխը նշան էր, որ Պապն ընտրվել է։ Նրա անունը հայտնի դարձավ այժմ։
Կարդինալները նոր Պապին ընտրել են քվեարկության չորս փուլերից հետո։ Կոնկլավին մասնակցել է 133 կարդինալ՝ 70 երկրներից, որոնց տարիքը չի գերազանցել 80-ը։ Նրանցից ավելի քան 100-ին կարդինալ է ձեռնադրել Պապ Ֆրանցիսկոսը։
Հռոմի Պապի ընտրության ընթացակարգը գաղտնի է։ Կոնկլավի մեկնարկից մինչև նոր Պապի ընտրությունը, կարդինալներին արգելվում է ցանկացած տեսակի շփում արտաքին աշխարհի հետ, չունեն ինտերնետ հասանելիություն, հեռախոսներ։
Հիշեցնենք՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել էր ապրիլի 21-ին՝ 88 տարեկանում։ Նրա կտակի համաձայն, Պոնտիֆիկոսը թաղվել է Հռոմի Սանտա Մարիա Մաջորե տաճարում։