Վրաստանում փակվում է ՆԱՏՕ եւ ԵՄ տեղեկատվական կենտրոնը
ՆԱՏՕ եւ Եվրամիության տեղեկատվական կենտրոնը, որը Վրաստանում 2005թ. հիմնադրված գործակալություն է, փակվում է: Կենտրոնի որոշ աշխատակիցներ Ֆեյսբուքում գրել են, որ ստացել են իրենց ղեկավարներից ծանուցումներ, եւ որ գործակալության փակումը նախատեսված է հուլիսի 1-ին:
Արտաքին գործերի նախարարության մամուլի կենտրոնը հաստատել է այս լուրը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը եւ նաեւ հայտնել, որ կենտրոնը «վերակազմակերպման արդյունքում կմիավորվի նախարարության հետ»։
Կենտրոնի աշխատակիցներին «իրենց պաշտոններից ազատման մասին մեկ ամիս առաջ տեղեկացվել է»։
«Կարծում ենք, որ մեր հիմնական առաքելությունը՝ արեւմտյան արժեքների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումը, քաղաքացիական հասարակության ակտիվացումը եւ այդ գործընթացներում նրա ներգրավվածության խթանումը, զգալի ներդրում կունենա մեր երկրի զարգացման գործում»,- նշվել է տեղեկատվական կենտրոնի կայքում։