Համաշխարհային շուկայում նավթի գինը նվազում է
Համաշխարհային շուկայում նավթի գինը կրկին նվազում է: Այս պահին միջազգային բորսաներում Brent տեսակի վառելիքի մեկ բարելը վաճառվում է 77,75 դոլարով, իսկ ամերիկյան WTI տեսակի նավթը 71,82 դոլարով։
Ինչպես գրում են արեւմտյան լրատվամիջոցները, դա տեղի է ունենում համաշխարհային տնտեսական անորոշության եւ դրամավարկային կոշտ քաղաքականության շարունակման հեռանկարի ֆոնին։ Մասնավորապես, հնարավոր է, որ Եվրոպական կենտրոնական բանկը ամբողջ տարվա ընթացքում բարձր մակարդակի վրա թողնի դրամավարկային քաղաքականության դրույքաչափը։
Սակայն նույնիսկ Կարմիր ծովում լարված իրավիճակը չի ազդում նավթի գների վրա։ Երեքշաբթի օրը Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրին, հայտնել է, որ բրիտանա-հոլանդական նավթային հսկան Shell-ը անորոշ ժամանակով դադարեցրել է բոլոր մատակարարումները տարածաշրջան՝ Կարմիր ծովում հութիների դեմ շարունակվող գործողության ֆոնին: