Կանանց քվոտաների մասին օրենքը չեղյալ է հայտարարվել
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այսօր՝ ապրիլի 4-ի նիստում կանանց քվոտաները չեղարկելուն կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 22-ը։
Դա ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության օրենսդրական նախաձեռնությունն էր, որը մեկ շաբաթում արագացված կարգով ընդունվեց խորհրդարանի կողմից՝ իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» ջանքերով։
Այս որոշմամբ կվերացվի Վրաստանի Ընտրական օրենսգրքի 203-րդ հոդվածը, որը կուսակցություններին պարտավորեցնում է խորհրդարանական ընտրությունների ցուցակում, առնվազն յուրաքանչյուր չորրորդ անդամըկին ներկայացնել:
Այսօր ընդունված փաստաթուղթը օրենք կդառնա, եթե այն ստորագրի Վրաստանի նախագահը։ Եթե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օգտվի սահմանադրությամբ տրված իրավունքից և վետո դնի օրինագծի վրա, փաստաթուղթը կվերադարձվի խորհրդարանի քննարկմանը։