ԱՄՆ-ը դադարեցնում է ավելի քան 95 միլիոն դոլարի ուղղակի օգնությունը Վրաստանին
ԱՄՆ-ը դադարեցնում է ավելի քան 95 միլիոն դոլարի ուղղակի օգնությունը Վրաստանի կառավարությանը։ Մասնավորապես, ինչպես նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում, ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցության համապարփակ վերանայման արդյունքում, ԱՄՆ-ը դադարեցնում է ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը, որը անմիջական օգուտ կբերեր Վրաստանի կառավարությանը։
Էնթոնի Բլինքենը հայտարարությունում նշում է, որ Վրաստանի կառավարության հակադեմոկրատական գործողություններն ու սուտ պարունակող հայտարարությունները չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության նորմերին։
«Չգիտեմ, թե ինչ տրանշի, ինչ օգնության մասին է խոսքը. Վրաստանը չի շեղվել իր եվրատլանտյան ուղուց, ուզում եմ հստակ ասել». այսպես պատասխանեց Վրաստանի փոխվարչապետ և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հարցին, որը վերաբերում էր ԱՄՆ-ի կողմից Վրաստանի կառավարության համար 95 միլիոն դոլարի օգնության տրամադրման դադարեցմանը։
Ինչպես նշեց Դավիթաշվիլին, Վրաստանը ԱՄՆ-ի հետ ունի, կունենա և պետք է ավելի խորացնի սերտ համագործակցությունը։
«Վրաստանը չի շեղվել իր եվրատլանտյան ուղուց, ուզում եմ հստակ հայտարարել, սա շատ պարզ է, հետևաբար, մեզ համար արևմուտքի հետ մերձեցումն ու գործընկերությունը նույնքան արդիական են, որքան միշտ։ Այդ իսկ պատճառով մենք, իհարկե, մեծ նշանակություն ենք տալիս, այդ թվում ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությանը։
Կոնկրետ այս օգնության մասին չեմ կարող որևէ բան ասել։ Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը։ Հավանաբար, ավելի շատ պարզաբանում կլինի, կոնկրետ որ տրանշի կամ ինչ նախագծի մասին է խոսքը։ Ես դրա մասին տեղեկություն չունեմ», - նշեց Դավիթաշվիլին։