Եվրոպայի խորհրդարանի պատգամավորները Վրաստանում են
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Օրբելիանների» պալատում հանդիպել է եվրախորհրդարանականների հետ։ Հանդիպումից հետո պատգամավորները հայտարարություններ են արել լրագրողների մոտ։
Գերմանացի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին նշել է.
«Մենք, որպես Եվրամիություն, պետք է հստակ ցույց տանք, թե ում կողմն ենք։ Մենք այստեղ ենք վրացի ժողովրդի կողքին, որը դուրս է գալիս փողոց՝ իր ազատության համար։ Եթե անհրաժեշտություն լինի, Եվրամիությունը կամ առանձին երկրներ պետք է սահմանեն նպատակային պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, ովքեր ճնշում են վրացի ժողովրդի ժողովրդավարական ձայնը»։
Լեհ պատգամավոր Միխալ Շչերբան հավելել է.
«Վրաստանին շնորհվել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ որոշ պայմաններով, որոնցից մեկը ազատ և արդար ընտրություններն էին։ Այս ընտրությունները ազատ ու արդար չէին։ Ուստի մենք կոչ ենք անում նորից կազմակերպել ընտրություններ՝ եվրոպական նորմերին համապատասխան»։
Նա նաև ընդգծել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին այս պահին Վրաստանում լեգիտիմության միակ կրողն է։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները արդեն հանդիպել են օմբուդսմեն Լևան Իոսելիանիի և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ հասարակական կազմակերպությունների և մեդիայի ներկայացուցիչների հետ։