Նավթի համաշխարհային գները 8 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշի են հասել։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումից հետո նավթի գինը կտրուկ աճ է գրանցել: Փետրվարի 22-ին Brent-ի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97.7 դոլարի:
Նավթի գնի աճը պայմանավորված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, մասնավորապես, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցների դեպքում Եվրոպա ռուսական էներգակիրների մատակարարումների կրճատման հնարավորությամբ:
Ներդրողները մտավախություն ունեն, որ պատժամիջոցները կանդրադառնան ռուսական էներգետիկ հատվածի վրա, ինչին Ռուսաստանը կարող է պատասխանել Եվրոպա մատակարարումների կրճատմամբ:
Չնայած Վլադիմիր Պուտինը բազմիցս հավաստիացրել է, որ Մոսկվան էներգակիրների հուսալի մատակարար է, այնուամենայնիվ, շուկան շարունակում է լարված մնալ: Փորձագետները հնարավոր են համարում Brent տեսակի նավթի՝ 100 դոլարի նշագիծը գերազանցելը:
Հնարավոր հակառուսական նոր պատժամիջոցների ֆոնին ռուսական ռուբլին անկում է ապրում։ Փետրվարի 22-ին ռուբլին դոլարի համեմատ նվազել է 0,75 %-ով՝ մինչև 1 դոլարի դիմաց 80,3527 ռուբլի: Եվրոյի նկատմամբ ռուբլին արժեզրկվել է 0,54 %-ով՝ հասնելով 1 եվրոյի դիմաց 90,7156 ռուբլու: