Սպասվում է արդյոք հացի գնի թանկացում
Վրաստանում ալյուրն ու ցորենը թանկացել են. Սակայն, ըստ հացթուխների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեի, Վրաստանում հացի թանկացում չի սպասվում։
Մալխազ Դոլիձեն ասում է, որ այժմ գինը հավասարակշռում է Ռուսաստանից ներկրվող ալյուրը։
«Այժմ ջրաղացներում ցորենի մատակարարման խնդիր չկա։ Վրաստանում պատրաստված ալյուրը թանկ է: Հասկանալի պատճառներով, վերջին շրջանում ցորենի ինքնարժեքը թանկացել է եւս 40 դոլարով։ Սրան գումարվում է մաքսատուրքը, որն անընդհատ ավելանում է, և ի վերջո մեկ տոննա ցորենի ներմուծումը, ներառյալ տրանսպորտը, 350 դոլարից դարձել է 500 դոլար։ Ալյուրը ստանում ենք առանց հարկերի, և դա հավասարակշռում է իրավիճակը։ Ռուսաստանից ներկրվող մեկ պարկ ալյուրի վաճառքի գինը 65-67 լարի է, այն դեպքում, երբ տեղական արտադրության ալյուրը գերազանցում է 80 լարին։ Ուստի այս տվյալներով հացը վերջին շրջանում չի թանկացել ու չի էլ սպասվում թանկացում»,- ասում է Մալխազ Դոլիձեն:
Տեղեկացնենք, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը ցորենի վրա մաքսային հարկ սահմանեց, ալյուրի ներկրումն աճում է։ Այս տարվա առաջին երկու ամսում Վրաստան է ներկրվել 23 057 տոննա ալյուր։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս թիվը կազմում էր ընդամենը 2321 տոննա։