Էժանանու՞մ է արդյոք բուսական յուղը Վրաստանում
Վրաստանում բուսական յուղն էժանանում է: Ինչպես «Business Press News»-ի հետ զրույցում նշեց «Մզիուրի» («Օլեյնա» ներկրող) դիտորդ խորհրդի անդամը, իրենց ընկերության դեպքում առայժմ նվազումը կկազմի 5-6 տոկոս։ Սակայն, ըստ Դիմիտրի Ռամիշվիլիի, հավանական է, որ այդ միտումը կշարունակվի ապագայում, քանի որ բացի այն, որ սեպտեմբերից Ռուսաստանը նվազեցրել է ձեթի արտահանման հարկը, հոկտեմբերից չեղյալ են համարվել այլ բյուրոկրատական ընթացակարգեր։ Բացի այդ, նրա տեղեկություններով, խոսվում է արտահանման հարկն ընդհանրապես չեղարկելու մասին։
Տեղեկության համար՝ 2022 թվականի սեպտեմբերից Ռուսաստանը գրեթե երկու անգամ կնվազեցնի արևածաղկի ձեթի արտահանման հարկը՝ 15 987 ռուբլուց դարձնելով 8 621 ռուբլի։
«Ռուսաստանում արտահանման հարկի նվազեցումը կազդի նաեւ մեր գների վրա։ Իմ ընկերության դեպքում այն միջինը կնվազի 5-6 տոկոսով։ Այնուամենայնիվ, այս միտումը կշարունակվի:
Այս մասին հստակ խոսելու հիմքն այն է, որ նախ՝ նոր բերք է լինելու, բացի այդ, հոկտեմբերից այլևս չեն լինելու բյուրոկրատական որոշակի ընթացակարգեր (լիցենզիաներ և այլն)։ Միաժամանակ խոսվում է այն մասին, որ արտահանման հարկը կարող է ընդհանրապես չեղարկվել», - ասել է Դիմիտրի Ռամիշվիլին։
Տեղեկացնենք, որ ապրիլի 15-ից Ռուսաստանը գործարկել է արևածաղկի ձեթի քվոտավորման մեխանիզմը՝ 1,5 մլն տոննա ծավալով և արևածաղկի քվոտայի ծավալի ժամկետը սահմանվել է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը։