Նավթի գինը միջազգային բորսայում կտրուկ նվազել է
Համաշխարհային շուկայում նավթի գները նվազում են: Այս պահին Brent տեսակի վառելիքի գինը բորսայում կազմում է 80,16 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ ամերիկյան անմշակ նավթի գինը՝ 73,49 դոլար։
Նշենք, որ վառելիքի գների նվազումը սկսվել է ուրբաթ՝ փետրվարի 3-ից։ Ընդամենը մեկ օրում Brent տեսակի նավթի գինը նվազել է 4,7 տոկոսով՝ 84 դոլարից հասնելով 80 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի գինը նույնպես արժեզրկվել է 4 դոլարով՝ 4,9 տոկոսով։
Նվազեցման պատճառը կապված է ԱՄՆ-ում աշխատաշուկայի տվյալների հրապարակման հետ։ Զեկույցը ցույց է տալիս, որ աշխատաշուկան ավելի լավն է, քան սպասվում էր, այս տարվա հունվարին աշխատանքի է տեղավորվել լրացուցիչ 517,000 մարդ, ինչը զգալիորեն գերազանցում է տնտեսագետների գնահատականները:
Չնայած աշխատատեղերի կրճատմանը և տեխնոլոգիական ընկերությունների կողմից աշխատավորների զանգվածային հեռացմանը, Ամերիկայում գործազրկության մակարդակը ներկայումս կազմում է 3,4%, որը ամենացածրն է 1969 թվականից ի վեր:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Դաշնային պահուստի ագրեսիվ դրամավարկային քաղաքականությունը և տոկոսադրույքների բարձրացումը, որոնք հանգեցրել են ռեցեսիայի ռիսկերի, չեն խանգարում աշխատանքի ընդունելուն։