Կարտոֆիլը թանկացել է
Մեկ շաբաթից ավելի է, ինչ կարտոֆիլը թանկացել է տասը թեթրիով և տատանվում է 0,8-0,9 լարիի սահմաններում։ Գնորդներ են հայտնվել Ջավախեթիի գյուղերում:
Մինչ այժմ գյուղացիներն իրենք էին կարտոֆիլ տանում Ախալցիխե, Թբիլիսի կամ այլ շուկաներ։ Պատահել է նաև, որ գյուղացիները չեն կարողացել վաճառել իրենց բերքը և վերադարձել են կարտոֆիլով լի մեքենայով։
«Գրեթե 5-10 թեթրիով կարտոֆիլը թանկացել է, հիմա 80-90 թեթրի է։ Գնորդները գալիս են, եթե այսպես շարունակվի, գյուղացիները կկարողանան վաճառել իրենց բերքը, և անցյալ տարվա պատմությունն այլևս չի կրկնվի»,- տեղի «Jnews.ge» հրատարակությանը պատմել է Խանդո գյուղի բնակիչ Աշոտ Սաարյանը։
Կարտոֆիլի թանկացումը նկատելի է Ախալքալաքի Իխտիլա, Բարալեթ, Տուրցխ և այլ գյուղերում։ Գյուղացիների խոսքով, եթե որոշ ժամանակով դադարեցվի կարտոֆիլի ներկրումը, տեղացիները այս ընթացքում կկարողանան իրացնել բերքը։
Կարտոֆիլի վաճառքից ստացված եկամուտը Ախալքալաքի քաղաքապետարանի բնակիչների ապրուստի հիմնական աղբյուրն է։ Գյուղացիների խոսքով, եկամուտը հաճախ չի փակում ծախսերը, քանի որ ամեն տարի պետք է սերմացուի նոր տեսակներ գնեն, իսկ 1 կգ-ի համար վճարեն 3 լարի։ Այս ծախսին գումարվում են ոռոգման, պարարտանյութի և խնամքի ծախսերը, և վերջապես կարտոֆիլը չեն կարողանում վաճառել կամ վաճառում են չնչին գնով։