Ոսկու գինը կրկին աճել է և գերազանցել պատմական առավելագույնը
Ոսկու գինը ամեն շաբաթ նոր ռեկորդներ է սահմանում։ Այսօր, Թբիլիսիի ժամանակով 11:00-ի դրությամբ, Comex բորսայում մեկ ունցիա ոսկին վաճառվում է 2,625 դոլարով։ Սա մեկ ամսվա ընթացքում 4.8%-ով աճ է, իսկ տարեկան կտրվածքով ոսկու գինը 36.7%-ով է բարձրացել։
«Թանկարժեք մետաղների շուկայի մասնակիցները գոհ են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի այն որոշմամբ, ըստ որի Fed-ը ագրեսիվ կերպով նվազեցրեց տոկոսադրույքները», - գրում է վերլուծաբան Ջիմ Վայքոֆը Kitco առևտրային ընկերության կայքում։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (Fed), որը կատարում է երկրի կենտրոնական բանկի ֆունկցիան, հիմնական տարեկան տոկոսադրույքը նվազեցրեց 50 կետով՝ հասցնելով 4,75-5,25%-ի։
Մինչ այդ թրեյդերները կանխատեսում էին, որ այն դեպքում, եթե Դաշնային պահուստային համակարգը նվազեցնի տոկոսադրույքները, դա ոսկու գնի աջակցության կհանգեցնի, ինչը իրականում այդպես էլ եղավ։ Ոսկու ներդրումների աճի ուժեղ պատճառներից են նաև մակրոտնտեսական և աշխարհաքաղաքական մտահոգությունները, ԱՄՆ նախագահի ընտրությունները և ֆոնդային բորսայի փոփոխականության և անկայունության հավանական աճը։
Reuters-ի հարցված վերլուծաբանները սպասում են, որ «ոսկու գինը կարճաժամկետ հեռանկարում կբարձրանա մինչև 2,700 դոլար, իսկ 2025 թվականի վերջում կհասնի 2,900 դոլարի»։