Սննդամթերքի համաշխարհային գներն գագաթնակետին են հասել. FAO
Հոկտեմբերին սննդամթերքի համաշխարհային գներն աճել են՝ հասնելով 18 ամսվա առավելագույնին, իսկ հիմնական ապրանքներից հատկապես բարձրացել են բուսական յուղերի գները։
Այս մասին նշված է Միավորված ազգերի կազմակերպության տվյալներում, որը տարածել է Reuters-ը։
Մասնավորապես, Միավորված ազգերի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գների համաշխարհային ինդեքսը հոկտեմբերին հասել է 127.4-ի, ինչը 2%-ով գերազանցում է սեպտեմբերի վերանայված 124.9 ցուցանիշին։
Տարեկան կտրվածքով ինդեքսը աճել է 5,5%-ով և հասել է իր առավելագույնին 2023 թվականի ապրիլից ի վեր։ Սակայն այն դեռևս 20,5%-ով պակաս է 2022 թվականի մարտի ռեկորդային ցուցանիշից, որը գրանցվել էր Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։
Բոլոր կատեգորիաներում, բացառությամբ մսի, գները աճել են, իսկ բուսական յուղերն առավելապես՝ ամսական կտրվածքով 7%-ով, ինչը, ըստ FAO-ի տվյալների, պայմանավորված է արմավենու յուղի արտադրության մտահոգություններով։