Սահմանափակ կարողություններով անձին հարկադրել են մարմնավաճառության
Վրաստանի ՆԳՆ գլխավոր քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի աշխատակիցները, դատավորի որոշմամբ, ձերբակալել են 1986 թվականին ծնված Լ.Ա.-ին և 1977 թվականին ծնված Խ.Ա.-ին՝ անօգնական անձի նկատմամբ թրաֆիքինգի մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ-ն։
Գործակալության տվյալներով՝ այս հանցագործությունը պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ։
«Ինտենսիվ քննությամբ, այդ թվում՝ դատավորի որոշմամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ մեղադրյալները ֆինանսական օգուտ ստանալու նպատակով, ֆիզիկական և հոգեբանական բռնության կիրառմամբ, 1986 թվականին ծնված սահմանափակ կարողություններով անձին հարկադրել են կանգնել Թբիլիսիում, Քուռ գետի ձախ ափին, և տարբեր անձանց հետ ունենալ սեռական շփում։
Հետաքննությամբ պարզվել է նաև, որ ամբաստանյալները ամբողջությամբ յուրացրել են այդ եղանակով ձեռք բերված գումարը։ Եթե տուժողի վաստակած գումարը նրանց համար բավարար չլիներ, նրանք դիմում էին ֆիզիկական և հոգեբանական բռնության ու սպառնալիքների», – նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում երկու մեղադրյալներն էլ ձերբակալվել են Թբիլիսիում։ Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, որոնք վերաբերում են անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ իրականացված թրաֆիքինգին։
Բացի այդ, ՆԳՆ-ն գործի հետ կապված ձայնագրություն է հրապարակել։