Վրաստանի առողջապահության նախարար է նշանակվել Միխեիլ Սարջվելաձեն
Միխեիլ Սարջվելաձեն նշանակվել է օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Միխեիլ Սարջվելաձեն Առողջապահության նախարարի պաշտոնում փոխարինել է Զուրաբ Ազարաշվիլիին։
«Ինչպես գիտեք, մեկ շաբաթ շարունակ մենք խորհրդակցություններ ենք ունեցել Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարի թեկնածուների ընտրության համար։ Այս շաբաթվա ընթացքում անհատական խորհրդակցություններ ենք ունեցել ինչպես մեր քաղաքական թիմի անդամների, այնպես էլ բժշկական հանրության ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցությունների հիմնական հարցերից մեկն այն էր, թե որքանով նոր նախարարը պետք է լինի բժշկական շրջանակների ներկայացուցիչ։ Այս հարցի վերաբերյալ թե՛ քաղաքական թիմում, թե՛ բժշկական հանրության ներկայացուցիչների շրջանում կարծիքը երկու մասի է բաժանվել: Մի մասը գտնում էր, որ նոր նախարարը պետք է պարտադիր լինի բժշկական հանրության ներկայացուցիչ, իսկ մյուս մասը ուներ ճիշտ հակառակ կարծիքը։ Խորհրդակցությունների հիման վրա ես եկել եմ այն եզրակացության, որ նախարարի պաշտոնում կարող են դիտարկվել ինչպես բժշկական հանրության ներկայացուցիչներ, այնպես էլ այլ թեկնածուներ։ Ի վերջո, ես նախապատվություն տվեցի մեր քաղաքական թիմի անդամին, ում պրոֆեսիոնալիզմի և բարեխղճության վրա մեծ վստահություն ունեմ։ Միխեիլ Սարջվելաձեն նշանակվել է առողջապահության նախարար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Հիշեցնենք՝ Զուրաբ Ազարաշվիլին պաշտոնը լքել էր մարտի 1-ին։ Ինչպես այն ժամանակ բացատրեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, բժշկական հանրության շրջանում դժգոհություններ են եղել առողջապահության նախարարի հետ շփման առումով։ Որպես դրա օրինակներից մեկը Իրակլի Կոբախիձեն նշել է Հանրապետական հիվանդանոցի հետ կապված զարգացումները։