Կրթություն
Էթնիկ հայերի համար վրացերենի ուսուցման դժվարությունները
Գյուղ Ռոդիոնովկա. Մանուշակ Մկրտիչյանն ու իր դասարանի պատը
Ջավախեթիում ավելի ու ավելի շատ երիտասարդներ են փորձում սովորել վրացերենը։ Նրանք կարծում են, որ պետական լեզվի իմացությունը կօգնի ինտեգրմանը և աշխատանքի տեղավորմանը, թեև նրանցից շատերն անհանգստանում են, որ պետության վերաբերմունքը ընդհանրապես չի բարձրացնում իրենց մոտիվացիան, ընդհակառակը։ Ուսուցիչների ցածր որակավորումը և կադրերի պակասը, թարգմանված դասագրքերի և որակյալ կրթության հասանելիության խնդիրը, գործազրկությունն ու «պայմանավորված» աշխատանքի անցնելը այն խոչընդոտներն են, որոնք Ռուսաստանի դեռևս ուժեղ ազդեցության հետ մեկտեղ էթնիկ հայ երիտասարդներին մղում են ավելի լավ ապագա փնտրել այլ երկրներում:
34-ամյա Մանուշակ Մկրտիչյանը ինքնուս ուսուցչուհի է։ Նինոծմինդայի Ռոդիոնովկա գյուղում նա երեխաներին պետական լեզու է սովորեցնում։ Դասերն այստեղ անցկացվում են հատուկ ձևավորված դասասենյակներում։ Մարտին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի ժամանակ դպրոցի շենքն այնքան էր վնասվել, որ նրանք ստիպված էին տեղափոխվել մոտակայքում գտնվող խրճիթ։ Մի սենյակը կարգավորվել է որպես ուսուցչանոց, իսկ մյուս երեքը՝ որպես դասասենյակ։ Մանուշակի համար գլխավոր խնդիրը հենց սա է։
«Մարտից սկսած 51 երեխայի պարապում ենք երեք հերթափոխով։ Առավոտյան 08:30-ին սկսում էին պարապել, երեկոյան 19:30-ին ավարտում։ Մեկուկես ամսից ուսումնական տարին կվերսկսվի, իսկ մեր դպրոցի շենքի հարցը դեռ պարզ չէ։ Գյուղում գազ չկա: Փոխանակ մենք՝ ուսուցիչներս, աշխատենք թեստերի և դպրոցի ծրագրավորման վրա, մեր ժամանակը ծախսվում է փայտ հավաքելու և դասասենյակները տաքացնելու համար կրակ վառելու վրա։ Եթե այս տարի դպրոց չունենանք, չգիտեմ՝ ինչ անենք, որտեղ սովորենք, նույնիսկ պատասխան չունենք»,- ասում է Մանուշակը, ով դասերից հետո էլ շարունակում է դասավանդել՝ խաղում է երեխաների հետ վրացերեն լեզվով:
Ռոդիոնովկան գտնվում է ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա։ Վերջին ընդհանուր մարդահամարի տվյալներով գյուղում բնակվում է 277 մարդ։ Ռոդիոնովկայում մանկապարտեզ չկա, խաղահրապարակ չկա, կա միայն իննամյա դպրոց։ Բարձր դասարանների 20 դեռահաս միջնակարգ կրթությունն ավարտում են հարևան՝ Փոկա գյուղում։
Մանուշակը իննամյա դպրոցն ավարտել է վրացերեն չիմանալով, բայց Փոկա եկած վրաց ուսուցչի հետ ծանոթանալը բավական էր, որ որոշում կայացներ՝ սովորել վրաց լեզուն:
«Շատ գեղեցիկ աղջիկ էր ու գեղեցիկ էր հագնվում, ինձ համար մոդելի նման էր, բայց երեք ամսից ավելի չդիմացավ ծանր կլիմայական պայմաններին ու հեռացավ։ Ուժեղ քամիներ են լինում, ինը ամիս ձմեռ է, ոչ բոլորն են դիմանում... Դրանից հետո սկսեցի ինքնուրույն աշխատել, այդ ժամանակ ինտերնետն այնքան էլ հասանելի չէր ու վրացերեն գրքեր կարդալով սովորեցի»,- հիշում է Մանուշակն ու պատմում, թե ինչպես է նա դարձել վրացերենի ուսուցիչ:
«Ես ինքնուսույց եմ: Քանի որ գյուղում միայն հայեր են ապրում, մենք վրացերեն գրեթե չենք խոսում, ուստի շատ շուտ ենք մոռանում մեր սովորածը։ Դպրոցն ավարտելուց հետո ամեն օր երկու կամ ավելի ժամ պարապում էի՝ լեզուն սովորելու համար։ Սկսել եմ սովորել 2005 թվականից, բայց բարձրագույն ընդունվել չկարողացա։ Տնօրենն ինձ սկզբում ասաց, որ առանց վարձատրության սկսեմ աշխատել դպրոցում և խորացնեմ գիտելիքներս։ Տանը սովորեցի բոլոր անհրաժեշտ ծրագրերը, հանձնեցի բոլոր քննությունները ու հիմա ավագ ուսուցիչ եմ»:
Նա դպրոցից դուրս 16 երեխայի վրացերեն է սովորեցնում, անվճար։ Նախկինում դասերն անցկացնում էր տանը, այժմ՝ գրադարանի շենքում։
«Ոչ վրացալեզու դպրոցներում հատկապես սուր է ուսուցիչների որակավորման, մասնագիտական զարգացման, սահմանափակ հնարավորությունների և դասավանդման ռեսուրսների որակի խնդիրը», - կարդում ենք էթնիկ փոքրամասնությունների որակյալ կրթության հասանելիության վերաբերյալ Խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի 2022թվականի ուսումնասիրության մեջ:
Կրթական համակարգում բարեփոխումների նոր ալիքը սկսվեց 2005թվականին: Լեզվի ուսումնասիրությունը և ընդհանուր առմամբ կրթական քաղաքականությունը երկու խնդիր էր պարունակում՝ բարելավել պետական լեզվի իմացությունը էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանը նպաստելու համար և ապահովել փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունն ու մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը: Այն ժամանակվա կառավարությունը կարծում էր, որ վրաց լեզու և որակյալ կրթություն տրամադրելով՝ փոքրամասնությունները կարող են լավ աշխատանք գտնել և սովորել վրացական բուհերում, ինչը կարագացներ նրանց քաղաքացիական ինտեգրումը։
2009 թվականից ի վեր որոշ ոչ վրացալեզու դպրոցներում վրացերեն իմացող խորհրդատուներ են նշանակվել, թեև Սոցիալական արդարության կենտրոնի հետազոտությունը ցույց է տվել, որ «ոչ մի էական տարբերություն չի նկատվել այն աշակերտների ձեռքբերումներում, որոնց հետ աշխատում են այս ուսուցիչները»:
Վերջին հինգ տարիների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տարեցտարի դպրոցների ուսուցիչների թիվը նվազում է։ Եթե 2018-2019 թվականներին դպրոցներում աշխատել է 67 հազար ուսուցիչ, ապա 2022-23 թվականներին նրանց թիվը նվազել է՝ հասնելով 62 հազարի։
Ինչու՞ է պակասում ուսուցիչների թիվը դպրոցներում՝ ուսուցչի մրցանակին արժանացած ուսուցիչ Գիորգի Ճաուճիձեի կարծիքով՝ պատճառները շատ են:
«Մենեջմենտն այնքան կենտրոնացված է, որ ինքնուրույն որոշումներ կայացնելու տեղ չի մնում, որեւէ մեկի որակավորման ու կոմպետենտության մասին խոսք լինել չի կարող։ Այն, որ տնօրեններն ընտրվում են հոգաբարձուների խորհուրդներով, նույնպես ճակատային է, քանի որ եթե նայենք դպրոցների տնօրենների ցուցակին, ապա ճնշող մեծամասնությունը, այսպես կոչված Տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարներ են, այսինքն՝ այնպիսի տնօրեններ, որոնք ուղղակիորեն նշանակվում են նախարարի կողմից՝ իր հայեցողությամբ։
Եթե այս ամենին նայենք փոքրամասնությունների տեսանկյունից, պատկերն ավելի վատ է, քանի որ վրացական դասագրքերը թարգմանվում են հայերեն և ադրբեջաներեն լեզուներով, այս թարգմանության մեջ կան նաև սխալներ, ինչը վատացնում է իրավիճակը։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երեխաների մեծամասնությունը դժվարությամբ է սովորում պետական լեզուն, ապա պարզվում է, որ նրանք էլ ավելի են օտարանում»,- բացատրում է Գիորգի Ճաուճիձեն, ով ավելի քան քսան տարի վրացերեն է դասավանդում Քվեմո Քարթլիի փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
Տնօրենների իրավասության մասին նշված է նաև Վրաստանի խորհրդարանի հատուկ թեմատիկ խմբի զեկույցում։ 2022 թվականին հրապարակված զեկույցում գրված է, որ չնայած կրթության նախարարության կողմից դպրոցների տնօրենների ատեստավորման գործընթացի մեկնարկին, դպրոցներում կրթության որակը գոհացուցիչ չէ։
«Մեծ թվով ազգային փոքրամասնությունների դպրոցների տնօրեններ չեն ատեստավորվել նույնիսկ նախորդ երկու ատեստավորման ժամանակաշրջաններում: Տնօրենները տարիներ շարունակ չեն ընտրվել ու վերջապես ընտրվածները նշանակվել են առանց քննության։ Կարևոր է թարմացնել ուսումնական միջավայրը, քանի որ էթնիկ փոքրամասնությունների դպրոցների վարչակազմը դեռևս կառավարում է հին ոճով:
Դպրոցների տնօրենների մեծ մասը բավականաչափ պատրաստված չեն դպրոցի և ուսուցողական ղեկավարի դերը կատարելու համար: Նրանք չունեն բավարար մասնագիտական և լեզվական կարողություններ, կենտրոնացած չեն դպրոցների համար նոր հնարավորություններ ստեղծելու վրա և չեն կարող աշակերտների և ուսուցիչների համար կրթական գործընթացում ակտիվ ներգրավվելու մոտիվացիա ստեղծել»,- այս եզրակացությանն են եկել խորհրդարանի թեմատիկ հետազոտական խմբի անդամները՝ ազգային փոքրամասնությունների որակյալ կրթության հասանելիությունը ուսումնասիրելուց հետո։
Սամցխե-Ջավախեթիում գործում է 206 դպրոց, որոնց գրեթե կեսը ոչ վրացական է։ Անհրաժեշտություն էլ կա, և թափուր աշխատատեղեր էլ են հայտարարում, սակայն ազգային փոքրամասնություններին ուսուցչի մասնագիտությամբ հետաքրքրելը դեռևս դժվար է: Մեր հարցվածները դա բացատրում են վրացերենի անբավարար իմացությամբ. էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է հանձնեն վրացերենի համապատասխան քննություններ, ինչը, ի վերջո, խոչընդոտում է նրանց կարիերայի առաջխաղացմանը։ Ախալքալաքի բիզնես ասոցիացիայի նախագահ Մախարե Մացուկատովի խոսքով, պետությունը լավ ծրագրեր է սկսում, բայց չի կարող դրանք ավարտին հասցնել։
«Բուհերն ավարտած և վերադարձածներից շատերը չեն գտել խոստացված աշխատանքն ու լուսավոր ապագան, ուստի որոշ ծնողներ կարծում են, որ քանի որ իրենց երեխան վերադառնալուց հետո աշխատանքի հեռանկար չունի, կարևոր չէ, թե ինչ է ավարտել իրենց երեխան... և ստիպված սկսում են մտածել այլընտրանքային ճանապարհի մասին: Վտանգը կապված է զբաղվածության հետ, քանի որ եթե երիտասարդը աշխատանքի չի անցնում, սկսում է մտածել, թե ինչպես գնա արտասահման՝ նույն ինքը «խոպան»։ Ափսոս, որ պետությունը սկսում է լավ ծրագրեր, բայց չի կարողանում դրանք հասցնել մինչև վերջ»,- ասում է Մախարե Մացուկատովը։
Տնտեսական քաղաքականության հետազոտական կենտրոնի (EPRC) ուսումնասիրությունը նույնպես վկայում է, որ որակյալ դպրոցական կրթությունն ավելի քիչ հասանելի է ոչ վրացալեզու դպրոցներում, քան վրացալեզու դպրոցներում։ Հետազոտության համաձայն՝ վրացալեզու և ոչ վրացալեզու դպրոցների VII-XII դասարանների ազգային ուսումնական ծրագրերի միջև բացթողում կա, խնդիր է նաև որակյալ թարգմանված դպրոցական դասագրքերը, բարձր է աշակերտների դպրոցից դուրս մնալու ցուցանիշը։
Նինոծմինդայի Հեշտիա գյուղի դպրոցի տնօրենը մասամբ համաձայն է հետազոտության արդյունքների հետ: Հեշտիայի դպրոցը կրթության և գիտության նախարարության կողմից ընտրված 40 փորձնական դպրոցներից մեկն է։
«Նախարարության ռազմավարության համաձայն՝ պիլոտային ծրագիրը ներառում է վրացերենը որպես առարկայի ուսուցում,- պարզաբանում է տնօրեն Բեռնիկ Հովսեփյանը,- երկլեզու ուսուցում է սկսվել, որպեսզի երեխաները ավելի լավ սովորեն պետական լեզուն։ Այստեղ շատ կարևոր է նաև առարկայական լեզուն։
Երկրորդ դասարանից աշակերտները արվեստ են սովորում պետական լեզվով։ Եթե ուսուցիչը երկու լեզուն էլ գիտի, դասը մենակ է վարում, եթե պատշաճ չի տիրապետում, ուրեմն կներգրավվի օգնականը։ Երրորդ դասարանում ավելանում են բնագիտությունը եւ ես ու հասարակությունը։ Չորրորդ դասարանում էլ է այդպես՝ միայն բնագիտության դասին է միանում օգնական ուսուցիչը և միասին դասեր են պլանավորում։ Մնացած երկու առարկաներից երկլեզու ուսուցիչներ կան։ Երկլեզու ուսուցումը ներկայումս միայն երեք առարկայից է»,- նշում է Բեռնիկ Հովսեփյանը և խնդիրների ցանկից առանձնացնում է դասագրքերում թարգմանական սխալները։
«Թարգմանության սխալները հիմնականում մաթեմատիկայում են։ Նախադասությունները թարգմանվում են բառացի։ Ուստի իմաստը մի փոքր անհասկանալի է, քանի որ այն իմաստալից չի թարգմանվում։ Երկու շաբաթ առաջ գրություններ ենք ուղարկել նախարարություն»,- ասում է Բեռնիկը, ում դպրոցն ունի 130 աշակերտ և մոտ 40 աշխատակից։
Երկրում գործում է 208 ոչ վրացալեզու դպրոց և 83 հատված, որոնցից 117-ը հայկական են։ Վրաստանի ոչ վրացալեզու դպրոցներում սովորում է ավելի քան 80000 աշակերտ ազգային փոքրամասնություններից, ինչը կազմում է ընդհանուր աշակերտների 14%-ը։
«Տարբեր նախագծերի կամ թրենինգների մասնակցող աշակերտները նախագծերն իրականացնում են երկլեզու (վրացերեն և հայերեն)։ Շատ լավն են նաև ամառային ճամբարները, որոնցում ակտիվորեն ներգրավված են մեր աշակերտները, ներառյալ ամառային առցանց ճամբարները: Այս փուլում մեր դպրոցի երկու աշակերտ ճամբարում են Կախեթիի Լոպոտայում»,- մեզ հետ զրույցում պատմում է Բեռնիկ Հովսեփյանը:
Հեշտիայի դպրոցի տնօրենի խոսքով՝ երկլեզու կրթությունը ազգային ուսումնական պլանի համաձայն, աստիճանաբար պարտադիր կդառնա բոլորի համար։
«Լեզուն, երբ գործնականում չես օգտագործում, երբ վրացերեն չես խոսում, իհարկե, շատ դժվար է։ Ուսումնական գործընթացի և ոչ ֆորմալ կրթության ընթացքում մենք փորձում ենք երեխաներին 2-3 ժամ ստիպել, որ խոսեն վրացերեն, թեև տանը վրացերենով շփումն ավելի քիչ է, այդ պատճառով էլ նրանց համար դժվար է վրացերեն սովորել։
Նրանք, ովքեր հաջողությամբ հանձնում են քննությունը Վրաստանում և աշխատանքի տեղավորվում, դառնում են օրինակելի, ուստի ոմանք փորձում են քննությունը հանձնել Վրաստանում, բայց կան աշակերտներ, ովքեր քննություն են հանձնում արտերկրում։ Դա կարող է լինել Հայաստանը, Ռուսաստանը... ով որտեղ ուզում է»,- ասում է Բեռնիկը։
Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների համար կրթության հավասար հնարավորությունները սահմանվում են Վրաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածով, որը պաշտպանում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը՝ կրթություն ստանալու, կրթության ձև ընտրելու և հանրակրթության մասին օրենքը։ Բացի այդ, վերջին 15 տարիների ընթացքում, միանալով միջազգային կազմակերպություններին, Վրաստանը պարտավորվում է ապահովել հավասարության սկզբունքները՝ ինչպես մայրենի լեզվի ու ինքնության պահպանման, այնպես էլ որակյալ կրթության հասանելիության առումով։
Ջավախեթիում պնդում են, որ երիտասարդները ցանկանում են սովորել վրացերեն, ընդունվում են վրացական համալսարաններ, բայց Վրաստանում աշխատանք գտնել միևնույն է, չեն կարողանու ։ Նմանատիպ օրինակները նույնպես դեմոտիվացնում են մյուսներին:
«Երիտասարդները բարձրագույն կրթություն են ստանում, սակայն պետական հատվածում նրանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները նվազագույն են։ Օրինակ, նրանք, ովքեր ընտրել էին ուսուցչի մասնագիտությունը, չկարողացան աշխատանք գտնել։ Ստացվում է, որ եթե անգամ դիպլոմ ունենաս, միեւնույն է, աշխատանք չես գտնի։ Նույնիսկ դպրոցներում հնարավոր չէ երիտասարդներին առանց «ծանոթի» աշխատանքի տեղավորել, քանի որ շատ դեպքերում պետությունն ընտրություններից առաջ դպրոցներում առկա համակարգն օգտագործում է իր շահի համար»,- մեզ հետ զրույցում ասում է Ախալքալաքի Կումուրդո գյուղի բնակիչ Սոս Սաարյանը:
Մեկ այլ ծրագիր, որն ուղղված է էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում վրացերենի ուսուցման ուժեղացմանը, ոչ վրացալեզու դպրոցների մասնագիտական աջակցության ծրագիրն է։ Խորհրդատուներ և ուսուցիչների օգնականներ են ուղարկվում Նինոծմինդայի և Ախալքալաքի դպրոցներ։ Երկու շրջաններում էլ գործում է 86 հանրակրթական դպրոց։
որ անհրաժեշտ է ավելացնել
Ազգային փոքրամասնությունների համար պետական լեզվի ուսուցման ծրագրերի բյուջեն մեծացնելու անհրաժեշտություն ունի, այս մասին 2022 թվականի հուլիսի 6-ին նշեց նաև Խորհրդարանի կրթության հանձնաժողովի նախագահ Գիորգի Ամիլախվարին Ախալցիխե կատարած այցի ժամանակ:
«Մեր հիմնական շարժառիթն ու դերը այն է, որ հենց տեղի բնակչության համար լուծենք այն կրթական խնդիրները, ինչը հանգեցնում է կրթության առումով ավելի հասանելիության։ Դա վերաբերում է դպրոցներում վրացերենի ուսուցիչների խնդրին, դասագրքերի խնդրին։ Լավ է աշխատում, բայց բարելավման կարիք ունի 1+4 ծրագիրը։ Մենք աշխատում ենք այս ծրագրի ֆինանսավորումն ավելացնելու ուղղությամբ»,- ասաց Գիորգի Ամիլախվարին:
Նույն հանդիպմանը կրթության նախարար Միխեիլ Չխենկելին ասել է, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում պետական լեզվի ուսուցումը պետք է սկսել մանկապարտեզներից։ Ջավախեթիում ապրող դպրոցի աշակերտները նույնպես համոզված են, որ մանկապարտեզից սովորած վրացերենը ավելի լավ արդյունքների կբերի։
«Գլխավոր խնդիրը, իմ ու ընկերների կարծիքով, այն է, որ աշխատանքի տեղավորվելը դժվար է։ Մենք վախենում ենք, որ ապագայում մեզ համար կարող է դժվար լինել աշխատանք գտնելը, ուստի կարծում ենք, որ լավ կլինի, եթե ռուսերեն կամ անգլերեն սովորենք, գնանք կամ Եվրոպա կամ Ռուսաստան՝ գումար վաստակելու և ապագայում մեր ընտանիքները պահելու համար:
Խնդիր է նաև այն, որ վրացերեն գրքերը տարբեր են ոչ վրացական դպրոցներում և տարբեր են վրացական դպրոցներում: Իսկ եթե խոսքը լեզվի ուսուցման մասին է, կարծում եմ, որ այդպես չպետք է լինի։ Ավելին, ներդրվել է երկլեզու կրթություն։ Մանկապարտեզից երեխան պետք է վրացերեն իմանա այնքան մակարդակով, որ առաջին դասարանում սովորի հենց այն, ինչ սովորում է վրացի երեխան առաջին դասարանում»,- ասում է Նինոծմինդայի Հեշտիա գյուղում բնակվող դպրոցի աշակերտը։
Տարածաշրջանի հայ համայնքը կարծում է, որ հիմնական խնդիրը հանրակրթությունն է և վրաց համայնքի հետ շփման բացակայությունը։
«Երբ մենք ընդունվում ենք նախապատրաստական կուրս, սա առավելագույնն է։ Դրանից ավելին ընդունվելու հնարավորություն չունենք։ Պետք է փորձենք առնվազն երկու տարի, որ անմիջապես առաջին կուրս ընդունվենք, քանի որ դպրոցներում գրականություն չենք կարող սովորել։ Ամեն տարի ամեն ինչ կարող է փոխվել, բայց այդ փոփոխությունները նվազագույն են: Օրինակ՝ երեխաները չգիտեն, թե ովքեր են եղել Վրաստանում հայտնի գրողները, կամ ինչ են գրել եւ այլն։
Ինչ վերաբերում է հայերեն գրքերին, ապա նախկինում ներմուծվում էին Հայաստանից, և դա լավ էր, վերջին տարիներին դրանք վրացերենից ուղղակիորեն թարգմանվում են հայերեն, և իմաստը հաճախ կորչում է։ Ինչպես նաև գրքի մի մասը կարելի է գրել վրացերեն, մյուս մասը՝ հայերեն։ Եթե ուսուցիչը վրացերեն չգիտի, նա բաց է թողնում այս մի մասը և անմիջապես սկսում բացատրել երկրորդ մասը։ Սա խնդիր է, քանի որ հայկական մասը կարող է վրացականի շարունակությունը լինել, և նման դեպքում իմաստը չես հասկանա, եթե ամբողջությամբ չես կարդացել ու չես հասկացել վրացական մասը»,- բացատրում է Նինոծմինդայում բնակվող մեկ այլ երիտասարդ։
Դպրոցի աշակերտների և ուսանողների կարծիքով, իրավիճակը էապես կփոխեն լավ մասնագետները որակյալ գրքերով, վրացերենի անվճար դասընթացները, ինչպես նաև արդյունավետ երկլեզու կրթությունը նախադպրոցական հաստատություններում:
Սակայն թվարկված խնդիրների հետ մեկտեղ երիտասարդների համար հատկապես կարևոր է վրացական ալիքների առկայությունը։ Մարզում հեռուստաալիքները հիմնականում դիտում են արբանյակային ալեհավաքներով, իսկ լեզվի չիմացության պատճառով նրանց ալեհավաքները դեռ ուղղվում են դեպի ռուսական և հայկական ալիքներ։
გააზიარეთ :