«Լրագրողների համար ստեղծվում է դիսկրիմինացիոն միջավայր» - ինչպես կաշխատի մեդիան ընտրությունների ժամանակ
Մոտ մեկ ամսվա ընթացքում երկրում պաշտոնապես կսկսվի նախընտրական քարոզարշավը։ Շատ շուտով, ինչպես ոչ կառավարական կազմակերպությունները, այնպես էլ մեդիաները ստիպված կլինեն որոշում կայացնել՝ ենթարկվել խորհրդարանի կողմից ընդունված այսպես կոչված «ռուսական օրենքին» և գրանցվել որպես «գործակալներ», թե հրաժարվել գրանցումից և շարունակել աշխատել ավելի բարդ պայմաններում, քան նախկինում։
Օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ, Սամցխե-Ջավախեթիի տեղական մեդիա կազմակերպություններն արդեն որոշում են կայացրել, որ չեն գրանցվի որպես օտար երկրի շահերի կրող։ Նրանք համաձայն են, որ ցանկացած դեպքում նախընտրական քարոզարշավը և ընտրության օրը կլուսաբանեն։
Տարածված շահերի կրող չի գրանցվի և հետևաբար դժվար աշխատանքային պայմանների մասին խոսում է Ջավախեթիի տեղեկատվական կենտրոնի գլխավոր խմբագիր Ռիմա Ղարիբյանը։
«Սեպտեմբերից հետո ինչպես կշարունակվի ամեն ինչ՝ չեմ կարող ասել, հնարավոր է, որ ընտրություններից առաջ էլ տուգանվենք չգրանցվելու համար, և այդ տուգանքի վճարելու գումար էլ չունենք։ Հնարավոր է, որ բարդ ֆինանսական շրջանում ստիպված լինենք աշխատել, բայց ինչ էլ որ լինի, մենք անպայման կշարունակենք աշխատել և չենք պատրաստվում կանգ առնել կամ փակվել», - մեզ ասում է Ռիմա Ղարիբյանը։
Ղարիբյանը չի բացառում, որ ընտրական գործընթացների լուսաբանմանը խանգարելու նպատակով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժի մեդիա կազմակերպություններին հավատարմագրում տալը։ «Մենք փաստորեն պատերազմի մեջ ենք մտնում և վախենում եմ, որ խոչընդոտներ շատ կլինեն, օրինակ՝ հավատարմագրումների հարցում, որովհետև ընտրությունների լուսաբանման համար անհրաժեշտ է հավատարմագրում անցնել, այլ դեպքում չենք կարող լուսաբանել, ինչը ոչ մեզ համար, ոչ էլ իշխանությունների համար լավ չի լինի»:
Ընտրական գործընթացում մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ դիսկրիմինացիոն միջավայրի ստեղծման մասին խոսում է հեռուստաընկերություն «Իններորդ ալիքի» տնօրեն Մայա Իվելաշվիլին։ Նրա խոսքով, այսպես կոչված «ռուսական օրենքի» պատճառով լրագրողների նկատմամբ ճնշումը, մասնագիտական գործունեության մեջ միջամտությունը և խանգարումը ավելի սրվելու են, քան նախկինում։
«Կարծում եմ, որ ընտրական շրջանում իրավական հարցերից ավելի, լրագրողների ստիգմատիզացիան կլինի հիմնական խնդիրներից մեկը: Սեպտեմբերի սկզբից կազմակերպությունները ստիպված կլինեն գրանցվել, և ովքեր հրաժարվեն, նրանց նկատմամբ հավանաբար կուժեղանա այն վիրավորական արշավը, որը նվազագույնը «հեռախոսազանգերի» ժամանակ տեսանք։ Այսպիսով, բոլոր այն կազմակերպությունները, որոնք օրենքին չեն ենթարկվի, մարդկայնորեն ավելի մեծ վտանգների առաջ կկանգնեն», - մեզ ասում է Մայա Իվելաշվիլին։
Այսպես կոչված «ռուսական օրենքը» ինչպես ոչ կառավարական կազմակերպությունների, այնպես էլ մեդիայի իրավիճակը վատթարացրել է, և ավելի շատ դժվարություններ են սպասվում, կարծում են «Բորժոմի» հեռուստաընկերությունում: Տնօրեն Էկա Նոզաձեն ուշադրություն է հրավիրում մեդիայի կարևորության վրա և ասում է, որ օրենքի ազդեցությունը կանդրադառնա ոչ միայն քաղաքացիական հասարակության վրա, այլև յուրաքանչյուր քաղաքացու վրա։
«Սա ոչ միայն մեդիայի կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարտահրավեր է: Գրանցումը այս փուլում ուղղակիորեն վերաբերում է անկախ մեդիային և քաղաքացիական հատվածին, բայց ի վերջո կանդրադառնա այս երկրի քաղաքացիների մեծ մասի վրա։ Մարդիկ պարզապես այլևս չեն կարողանա արտահայտել տարբեր կարծիքներ, չեն ստանա այն բազմաթիվ ծառայությունները, որոնք այժմ առաջարկում են մեդիան և ոչ կառավարական հատվածը, և ամենակարևորը, չեն ստանա օբյեկտիվ, հավասարակշռված տեղեկատվություն», - նշում է Էկա Նոզաձեն և հավելում, որ դեռևս չգիտի, թե ինչ կարգավիճակով և ինչպես կարող է հետևել ընտրական գործընթացներին, սակայն մյուս մեդիայի ներկայացուցիչների նման նա նույնպես կարծում է, որ միջավայրը անվտանգ չի լինի։
Չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների, հասարակական և մեդիա կազմակերպությունների հակազդեցությանը, Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը մայիսի 14-ին, իսկ մայիսի 28-ին հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների պնդմամբ, այս օրենքի նպատակը օտարերկրյա ֆինանսավորումների թափանցիկությունն ապահովելն է:
Օրենքի համաձայն, այն լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություններ», հակառակ դեպքում՝ կտուգանվեն: Նման օրենքը գործում է Ռուսաստանում 2012 թվականից, որը բազմաթիվ կազմակերպությունների փակման պատճառ է դարձել։ Ռուսաստանում այլևս չկան անկախ լրատվամիջոցներ և քաղաքացիական հասարակություն:
Այսպես կոչված «ռուսական օրենքի» ընդունման պատճառով ԱՄՆ-ն սահմանել է պատժամիջոցներ կառավարության ներկայացուցիչների նկատմամբ։