Ինչպես են ապրում Ախալցիխեի կիսադատարկ գյուղերում, որտեղ «Վրացական երազանքն» ունի ամենաբարձր աջակցությունը
13:36 / 11.11.2024
Սամցխե-Ջավախեթիի գյուղերում, որտեղ ընտրություններում իշխանությունը մշտապես հաղթում է, աղքատությունից ու դժվարություններից փախած տեղի բնակիչների փակ տներն են։ Տարածաշրջանում իշխող կուսակցությունը մեծ առավելությամբ է հաղթանակ տանում։ Օրինակ՝ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» երկրի մասշտաբով ամենաբարձր աջակցությունը ստացել է Նինոծմինդայում և Ախալքալաքում (Ախալքալաքում՝ 88.93%, Նինոծմինդայում՝ 89.77%)։
«Վրացական երազանքն» առաջատար է նաև այլ մունիցիպալիտետներում։ Օրինակ՝ Ախալցիխեի ընտրատարածքում իշխող կուսակցությունը ստացել է ձայների 61.66%-ը, որից ամենաբարձր ցուցանիշը Սաձելի գյուղում է՝ 97.65%։
Սաձելիի բնակչության հոկտեմբերի 26-ի ընտրությունն այսպիսին է․
Կոալիցիա «Փոփոխությունների համար» - 2 ձայն;
«Միասնական ազգային շարժում» - 3 ձայն;
«Վրաստանի հայրենասիրական դաշինք» - 1 ձայն;
«Տրիբունա» - 1 ձայն;
«Վրացական երազանք» - 291 ձայն։
«Մեզ մոտ ընտրությունները շատ լավ անցան, հանգիստ։ ֆեյսբուքում որ գրում են, թե ինչ-որ մեկի անձնագիրը վերցնում են, աշխատանքից ազատելով սպառնում, մեզ մոտ նման բան չի եղել, ոչ ոք ստիպված չի քվեարկել, մենք գոհ ենք կառավարությունից», - ասում է միջին տարիքի տղամարդը, ով չի ուզում ասել իր անունը և ազգանունը։
Փորձում ենք պարզել, թե ինչպես այս գյուղում գրեթե բոլոր ձայները ստացավ իշխող կուսակցությունը։
Սաձելիում «Վրացական երազանքից» շնորհակալ են։ Ասում են, որ իշխանության կատարած աշխատանքից առավել շատ գնահատում են խաղաղությունը, Ռուսաստանի հետ պարզեցված տեղաշարժը և գյուղում լուծված ենթակառուցվածքային խնդիրները։
«Կառավարությունը լավն է, գյուղում ամեն ինչ ունենք։ Խաղաղ ապրել ենք ուզում, ավել ոչինչ պետք չէ։ Պատերազմ չենք ուզում», - ասում է Պետրոս Ստեփանյանը։
Սաձելին Ախալցիխե քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղ է։ Տների մեծ մասը լքված և ավերված են։ Տեղացիները վստահեցնում են, որ Սաձելիում բոլոր պայմանները կան արժանապատիվ կյանքի համար, սակայն մտահոգված են, որ գյուղը երիտասարդներից դատարկվել է։ Տղամարդիկ սեզոնային աշխատանքի են գնում Ռուսաստան։
«Որտե՞ղ են հիմա երիտասարդները գյուղում։ Ռուսաստան են գնացել։ Իմ տղաներն էլ այնտեղ են, մենակ կնոջս հետ եմ մնացել»։
Բացի արտագաղթի աճող մակարդակից, գյուղատնտեսությամբ զբաղվող տեղացիները բողոքում են ոռոգման ջրի պակասից։
«Ջուրը գալիս է լեռներից, բայց բաժանվում է երեք գյուղի միջև և մեզ չի բավարարում։ Հին ժամանակներում ունեինք ջրային պոմպեր, բայց 90-ականներին թալանվեցին, միայն շենքն է մնացել»։
Իշխող կուսակցության աջակիցների շարքում, ըստ ընտրություններում ստացված ձայների, առաջատար դիրքերում է սահմանամերձ Նաոխրեբի գյուղը։ Այստեղ «Վրացական երազանքը» ստացել է ձայների 96.63%-ը։
«Միասնական ազգային շարժում» - 5 ձայն;
«Վրաստան» - 1 ձայն;
«Գիրչի» - 1 ձայն;
«Վրացական երազանք» - 201 ձայն։
Նաոխրեբիում տարեց ընտրողներից շատերը նշում են, որ քվեարկել են այն թեկնածուի օգտին, ում ընտրատեղամասում «խորհուրդ տվեցին»։ Ընտրական տեղամասային հանձնաժողովի անդամների նախընտրած կուսակցությունը բոլոր դեպքերում «Վրացական երազանքն» էր։
«Ընտրություններին մասնակցեցի, մեքենան մոտեցավ, տանն էի։ Ամբողջ գյուղը այդպես գնաց ընտրատեղամաս», - ասում է Միշիկ Հովսեփյանը։ Նա 86 տարեկան է և նշում է, որ նախընտրական շրջանում խաղաղությունն իր համար նույնպես գլխավոր խոստումներից էր։ Նրա չորս որդիներն ապրում են Ռուսաստանում։
Կառավարող կուսակցության աճող աջակցության ֆոնին գյուղում խնդիրների մասին նույնպես բողոքում են։
«Ջուրը մեկ օր գալիս է, հինգ օր՝ ոչ։ Շատ ջուր ենք վերցնում, որ մի քանի օր բավարարի։ Ամբողջ ամառ մեր թաղամասում մեկ կաթիլ ջուր չունեինք։ Այս տարի ոչ մի կիլոգրամ կարտոֆիլ չեմ վաճառել։ Գիտե՞ս՝ որքան ծախսեցի։ 3000 լարի՝ սերմերի վրա, 2000 լարի՝ դեղերի վրա, ոռոգում, ամեն ինչ արեցի, ցանեցի, խնամեցի, հանեցի։ Հիմա կարտոֆիլ շատ ունեմ, բայց ոչ մի հաճախորդ չի եկել։ Արժեք էլ գրեթե չունի, մեկ կիլոգրամը՝ 50 թեթրի։ Մեկ լարիով գնեցի սերմերը», - ասում է Սուփուն Փիլոսյանը։ 72-ամյա կինը նշում է, որ իրենց ընտանիքի միակ մշտական ամսական եկամուտը իր կենսաթոշակն է։
«Տղաս Ռուսաստանում էր աշխատում, բայց չգիտեմ՝ ինչ եղավ սահմանին, նրան այլևս չեն թողնում գնալ։ Ասացին՝ երեք տարի չես կարող գնալ։ Իմ կենսաթոշակը 498 լարի է, ալյուր, կարագ, մակարոն ես եմ գնում»։
Տեղացիների ծանր վիճակին այլևս չի օգնում անգամ Ռուսաստանում սեզոնային աշխատանքը։ Ինչպես նրանք են ասում, գործատուները կամ ուշացնում են աշխատավարձը, կամ հաճախ թողնում են առանց եկամտի։
«Չի հետաքրքրում, թե ով է ավելի շատ ձայն հավաքել։ Տանը երկու երիտասարդ տղա, հարս ու թոռ ունեմ, ոչ ոք աշխատանք չունի։ Ամենակարևորը աշխատանքն է, երիտասարդները ցանկանում են աշխատել։ Ամբողջ ընտանիքով մնացել ենք առանց գումար, կարտոֆիլը չի վաճառվում, տղամարդիկ գնում են Ռուսաստան, բայց այնտեղ էլ գումար չկա, այնտեղ էլ դժվար է։ Աշխատեցնում են ու ասում՝ գնացեք Վրաստան, իսկ աշխատավարձը հաջորդ տարի կտանք։ Խաբում են», - ասում է Վերա Նազարեթյանը։
Աշխատանքն ամենամեծ խնդիրն է նաև Ծղրութի գյուղում։ Դրանից բացի, տեղացիները բողոքում են խմելու ջրի պակասից։ Երեք տարի է, ինչ գյուղի դպրոցը չի գործում, շենքը վթարային է, վերականգնման ենթակա չէ, նոր շենք է անհրաժեշտ։ Աշակերտները գյուղից քաղաք՝ №2 հանրային դպրոց են գնում։ Չնայած դրան, Ծղրութիում իշխող կուսակցությունը ստացել է ձայների 93.77%-ը։ Մինչդեռ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները միասին հավաքել են ընդամենը 52 ձայն, «Վրացական երազանքն» ստացել է 743 ձայն։
«41-ը իմ կուսակցությունն է, ինչո՞ւ եմ հավանում։ Ռուսաստան գնալիս վիզա պետք չէ, սա լավ է։ Երիտասարդները գնում են այնտեղ ու գումար բերում, սա է ամենակարևորը», - բացատրում է Հարություն Կարապետյանը։ «Լավ գյուղ է, գյուղի ներկայացուցիչը լավ մարդ է, շնորհակալ եմ կառավարությանը։ Խնդի՞ր։ Գյուղում ակումբ չկա, ոչինչ չկա, երիտասարդները ուր գնան։ Նարդի խաղալու տեղ էլ չկա։ Խմելու ջուր չկա», - ասում է Վերոնիկա Սապոնջյանը։ Գյուղի խնդիրների ցանկը շարունակում է Սուսաննա Սաղոյանը։
«Ճանապարհները վատն են, տանը մաքուր ջուր չունենք։ Ջուրը գալիս է աղբյուրից, «շլանգներով» ենք հասցնում։ Երեխաները երեք տարի է՝ դպրոց գնում են քաղաք՝ երկրորդ հերթ, ժամը 7-ին ավարտում են դասերը ու շատ են հոգնում, շատ դժվար է, սոված ու հոգնած են գալիս։ Ընտրություններին գնացել եմ, միամիտ չեմ, որ ասեմ՝ ում եմ ձայն տվել։ Ում պետք էր, նրան եմ ձայն տվել, միայն մեկն է լավը՝ նա, ով ճանապարհներ է կառուցում»։ Բացի հայկական համայնքից, իշխող կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել նաև վրացական բնակավայրերում։ Օրինակ՝ Ախալցիխեի Անդրիածմինդա գյուղում կուսակցությունն հավաքել է ձայների 62%-ը։ Բարձր լեռնային այս գյուղում ասում են, որ ենթակառուցվածքային խնդիրները գրեթե ամբողջությամբ լուծվել են, այդ պատճառով ընտրությունների արդյունքներում արտահայտվել է կառավարության հանդեպ շնորհակալությունն ու բավարարվածությունը։ Չնայած դրան, գյուղի բնակիչներին դեռ շատ խնդիրներ են մտահոգում՝ թանկացած մթերքն ու դեղորայքը, աճող միգրացիան և աստիճանաբար դատարկվող գյուղը։
«Դեղորայքի ֆինանսավորման համար դիմում ուղարկեցի Թբիլիսի, փոստում 9 լարի վճարեցի, իսկ 32 լարիով ինձ օգնեցին։ Դուք արեք հետևություն, թե ինչպես ենք ապրում։ Մեր ապրուստի միջոցները նվազագույնի են հասնում, կարտոֆիլ էինք ցանում, բայց այն էլ իր արժեքը կորցրեց։ Երեք երեխա ունեմ, բայց տանն մենակ եմ, երիտասարդներն հեռացել են գյուղից, այստեղ այլևս ոչ ոք չի գա։ Ազգային առաջնորդ է պետք նոր սերնդից, այլևս ոչինչ չի օգնի», - ասում է Ջիմշեր Բերիձեն։
Անդրիածմինդայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ծովի մակարդակից 1,500 մետր բարձրության վրա գտնվում է Անդա գյուղը։ Այստեղ ավելի շատ փակ և վթարային տուն կա, քան բնակիչ։ Անդայից մարդիկ ընտրելու համար գնացել են Անդրիածմինդայում բացված ընտրատեղամաս։ Գյուղում ասում են, որ որոշումը, թե ում քվեարկել, ընդունում են միմյանց կարծիքը հաշվի առնելով։
«Միմյանց հարգելով, միմյանց հանդեպ պատկառանքով, բոլորը բոլորին ճանաչում են։ Ոմանք պետական ծառայության մեջ են, ուսուցիչ են, ոմանք՝ նրանց հարազատներ։ Գյուղում այսպես է՝ բոլորը միմյանց հաշվի են առնում», - ասում է Դալի Ինասարիձեն։
Գյուղ տանող ճանապարհը հողային է։ Անդայում ասում են, որ ենթակառուցվածքային և հաղորդակցային հարցերից գլխավոր խնդիրը սա է։
«Ճանապարհի խնդիր է, մի փոքր հատված է մնացել, ներքին ճանապարհներն ու լուսավորությունը ևս ավելացնեն, լավ կլինի», - ասում է Գուրամ Բերիձեն։
«Նոր ավտոբուսներ նշանակեցին մեզ համար, բայց այսօր առավոտյան, օրինակ, մինչև վերջ չկարողացավ բարձրանալ, վարորդը զանգեց, ասաց՝ դուրս եկեք ուղևորները և մինչև մեքենա հասեք։ Նախ և առաջ՝ ճանապարհ է պետք։ Եթե մեզ ավելի օգնեն և որևէ բան անեն, լավ կլինի։ Շատ թանկ է հողի մշակումն անել, 10 հարյուրականի վարումը 35 լարի է արժենում։ Թույն-քիմիկատներով օգնեն մեզ, որ ծախսերը թեթևացնեն, և գյուղացին հույս ունենա, որ կցանի ու մի բան կստանա։ Գյուղացու գործն ինչ է՝ ինչ բերք կհավաքի, ձմռանը դրանով կերակրվի, իսկ մնացածը կվաճառի, որ գարնանը նորից հողին տա ամեն ինչ», - պատմում է Դալի Ինասարիձեն։
Անդացիները նշում են, որ գյուղում կյանքը անկայուն է։ Ինչպիսի տարի կունենան՝ կախված է կարտոֆիլի վաճառքի գներից։
«Գյուղում գրեթե բոլորս միանման ենք ապրում։ Միայն մի քանիսն են, ովքեր պետական աշխատանք ունեն ու աշխատավարձ են ստանում, մի փոքր ավելի լավ վիճակում են։ Երիտասարդներն էլ չկան, իմ միակ որդին է մնացել, ու ասում եմ՝ տղա, դու միակն ես այս գյուղում։ Մի տեղ է աշխատում, հետո մեկ այլ տեղ՝ ստաբիլ աշխատանք չկա, ի՞նչ անեն։ Գյուղացու աշխատանքը արժեք չունի։ Մի շաբաթ առաջ ավարտեցինք կարտոֆիլի բերքահավաքը, հիմա գինը 20-30 թեթրի է։ Ի՞նչքան պիտի վաճառես, որ ապրես։ Դրա համար էլ փախչում են, նախընտրում են քաղաքում աշխատել ու աշխատավարձ ստանալ, քան ամբողջ տարի բերքի կողքին լինեն ու վերջում ոչինչ չստանան», - դժգոհում է Դալի Ինասարիձեն։
Թեև բազմաթիվ խնդիրներին, տեղացիների մի մասը կարծում է, որ իշխանությունը արդյունավետ աշխատում է և երկրում խաղաղություն է պահպանվում։
«Ընդհանուր առմամբ աղքատություն կա, բայց աջակցում ենք կառավարությանը։ Չենք ուզում ԼԳԲՏ քարոզ, մենք այլ մարդիկ ենք, այլ մշակույթի։ Այսօր կարդում էի ինտերնետում, ասում են՝ երկրորդ ճակատի բացման դեպքում Վրաստանը 3-4 օր կդիմանա։ Ամերիկան ու Բրյուսելը ուղղակի ստիպում էին Ղարիբաշվիլուն։ Ֆեյսբուքում տեղադրված է», - պնդում է Գուրամ Բերիձեն։ Նա վստահ է պատմածի ճշմարտության մեջ, ասում է, որ կարդացել է ինտերնետում և հավատում է։
Երկրի մասշտաբով իշխող կուսակցությունը ամենաբարձր աջակցությունը ստացել է Նինոծմինդայում և Ախալքալաքում (Ախալքալաքում՝ 87.79%, Նինոծմինդայում՝ 88.19%)։ Դա այն դեպքում, երբ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» այս երկու մունիցիպալիտետներում ստացել էր 66.77%։ Ինչպե՞ս կարողացավ իշխող կուսակցությունը չորս տարում 20%-ով բարելավել իր արդյունքը, այս հարցով հետաքրքրվեցինք տեղական հասարակական կազմակերպության ղեկավարից։
«Ընտրություններից առաջ, հաշվի առնելով մարդկանց տրամադրությունները և փոքրիկ վերլուծությունը, «Վրացական երազանքը» Ջավախքում կարող էր ստանալ 60-65% ձայն՝ օգտագործելով պետական ծառայողների ռեսուրսները և ամբողջական մոբիլիզացիան։ Ձայների մոտ 20-25%-ը ստացվել էր վախեցման և մանիպուլյացիայի միջոցով։ Ընտրություններից առաջ ընդդիմադիր կուսակցությունները չաշխատեցին այնպես, ինչպես անհրաժեշտ էր, և կա ողջամիտ կասկած, որ քվեարկություն է կատարվել նաև այն մարդկանց փոխարեն, ովքեր Վրաստանում չէին գտնվում։ Այս տարի նոր տեխնոլոգիաները ցույց տվեցին, որ մարդկանց ընտրությունը, ցավոք, գաղտնի չէր։ Կան մարդիկ, որոնց մասին գիտեմ, որ ընդդիմադիր տրամադրվածություն ունեին և սպասում էին, որ երկրում որոշակի փոփոխություններ կլինեին, բայց այն վախով, որ ինչ-որ մեկը կարող էր ասել՝ տեսնում ենք, թե ում ես քվեարկում, նրանք ստիպված էին քվեարկել իշխող կուսակցության օգտին», - ասում է Մախարե Մացուկատովը։ Նա «Ախալքալաքի բիզնես կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավարն է։ Արդեն 26 տարի աշխատում է տարածաշրջանում էթնիկ փոքրամասնությունների ինտեգրման, նրանց կրթության, գյուղատնտեսության զարգացման, սկսնակ գործարարներին աջակցելու և տեղական ինքնակառավարման աջակցման ուղղությամբ։ Մախարեն պատմում է, թե ինչը ունեցավ ամենամեծ ազդեցությունը ընտրողների վրա։
«Անհատական զրույցներին հետևում էի և ուշադրություն դարձնում։ Թբիլիսիում ինչ կատարվեց՝ «ռուսական օրենք» և այլն, կենցաղային մակարդակում հետաքրքիր չէր։ Ընդհանուր առմամբ նկատում էին, որ վատ բաներ են տեղի ունենում։ Բայց երբ հարցը վերաբերում էր նրան, որ Հայաստանը և Վրաստանը նույն նավում են, և եթե Վրաստանը դառնա ավտորիտար և լինի Ռուսաստանի արբանյակը, Հայաստանը նույնպես որոշ չափով խնդիրներ կունենա։ Սակայն շատ քիչ էին մարդիկ, ովքեր ուշադրություն էին դարձնում այս ամենին։ Դա կախված էր նաև Հայաստանի տրամադրություններից՝ ում են նրանք աջակցում, ընթացիկ իրադարձությունները՝ նաև այնտեղ կան պրոեվրոպական և պրոռուսական տրամադրություններ։ Մեզ մոտ մեծ է ռուսական տեղեկատվական դաշտի ազդեցությունը և ապատեղեկատվությունը»։
Մախարե Մացուկատովի խոսքով, խնդիրն այն է, որ էթնիկ հայ բնակչությունը չուներ ամբողջական տեղեկություն ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ, չգիտեին, թե որքան կարևոր էին այս տարվա խորհրդարանական ընտրությունները և ինչ կարող էին փոխել։
«Ջավախքում մարդիկ, ովքեր համարվում են քաղաքական դերակատարներ, 30 տարի շարունակ, ինչ Վրաստանը անկախ է, իշխանության մեջ են։ Վաղը եթե կառավարությունը փոխվի, տարածաշրջանային մակարդակով այդ առաջնորդները դարձյալ կմնան։ Պարզ մարդկանց համար ինչո՞ւ է պետք փչացնել հարաբերությունները նրանց հետ։ Այդ պատճառով էլ անում են այն, ինչ իրենց ասում են։ Ինքնին նրանք քաղաքականապես ինտեգրված չեն և չգիտեն՝ որտեղ, ինչ և ինչպես է տեղի ունենում։ Կա վախ և անարդարություն, որ, ի վերջո, չեն կարողանա հասնել իրենց նպատակներին և խնդիրներ կունենան։ Ի՞նչ են անելու։ Վատն այն է, որ պետական կառույցներում աշխատողները ավելի պրոռուսական են, քան հասարակ մարդիկ։ Չեն ուզում, որ իշխող կուսակցության հետ հարաբերությունները փչանան։ Հնարավոր է՝ ներքին զգացողությամբ հասկանում են, որ դա սխալ է, բայց չեն ուզում կորցնել իրենց պաշտոնները», - ասում է Մախարեն և հավելում, որ խնդիրը կարող է լուծվել հայախոս բնակչության ինտեգրմամբ։
Փոքրամասնություններով բնակեցված մունիցիպալիտետներից բացի, «Վրացական երազանքը» համոզիչ հաղթանակ է տարել նաև տարածաշրջանի մյուս համայնքներում։ Օրինակ՝ Ասպինձայում իշխող կուսակցությունը 23 ընտրատեղամասից ստացել է ձայների 77.63%-ը։ Ամենաբարձր աջակցությունը գրանցվել է մունիցիպալիտետի միակ հայախոս գյուղում՝ Դամալայում, որտեղ իշխող կուսակցությունը ստացել է 95.28%։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.