Հայաստանի կառավարությունը հաստատել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրինագիծը, որը հունվարի 9-ին ներկայացրել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կառավարության նիստի ընթացքում։
Միրզոյանը ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի և Եվրամիության միջև ինտենսիվ և բովանդակային համագործակցությունը, որը ներառում է քաղաքական, տնտեսական, ժողովրդավարական և անվտանգության ոլորտներ։
«Հայաստանի Հանրապետությունն ու Եվրամիությունը վերջին տարիներին ունեցել են բավականին ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ։ Եվրամիությունն արդեն բազմիցս արտահայտել է իր ուժեղ քաղաքական աջակցությունը հայկական ժողովրդավարությանը։ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հայաստանի անվտանգության ապահովման հարցում՝ այդ թվում՝ Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման միջոցով։ Եվրամիությունը նաև պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական կայունության ամրապնդմանը։ Ակնհայտ է, որ Եվրամիությունն ու նրա անդամ երկրներն ունեն հարուստ ժողովրդավարական ավանդույթներ, ուժեղ ինստիտուտներ, ազատ և մրցակցային միջավայր, ժամանակակից տնտեսություն և զարգացած գիտություն»,- նշել է Միրզոյանը։