Ոսկու գինը գտնվում է յոթ ամսվա առավելագույն մակարդակի վրա
Ոսկու գինը միջազգային բորսայում արդեն չորրորդ ամիսն է, ինչ բնութագրվում է աճի միտումով։ Ներկայում 1 ունցիան արժե 1837 ԱՄՆ դոլար, ինչը 13,1%-ով գերազանցում է նախորդ տարվա հոկտեմբերի 17-ի ցուցանիշը՝ 1627 ԱՄՆ դոլար։
Ինչ վերաբերում է վերջին 1 օրվան, ապա ոսկու գինը նվազել է գրեթե 1%-ով, թեև այն դեռ մոտ է 7 ամսվա առավելագույնին։ Մեկ օր առաջ թանկարժեք մետաղի գինը բարձրացել է մինչև 1854 դոլար, իսկ սա վերջին 7 ամսվա ամենաբարձր ցուցանիշն է։
Բարձրացման միտումը կապված է դոլարի ինդեքսի նվազման, ամերիկյան արժույթի արժեզրկման, ինչպես նաև Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների աճի սպասվող դանդաղման հետ։ Fed-ը վերջին հանդիպման ժամանակ բարձրացրել է տոկոսադրույքները 50 բազիսային կետով, իսկ նախորդ 4 նիստերում՝ 75 բազիսային կետով։ Ներդրողները ակնկալում են, որ Դաշնային պահուստը կնվազեցնի տոկոսադրույքներն էլ ավելի՝ մոտ 25 բազիսային կետով:
Ներկայիս նվազումն ուղղակիորեն կապված է Fed-ի դեկտեմբերյան նիստից հրապարակված տեղեկատվության հետ, որտեղ հաստատվում է, որ գնաճի դեմ պայքարի ագրեսիվ դրամավարկային քաղաքականությունը կպահպանվի 2023 թվականին և դեռ սպասվում է դրույքաչափերի աճ։
Սովորաբար, ԱՄՆ-ում դրամավարկային քաղաքականության խստացումը հանգեցնում է դոլարի ամրապնդմանը, քանի որ շրջանառության մեջ քիչ փող կա, և գներն աճում են, ինչը բացասաբար է անդրադառնում ոսկու գնի վրա, քանի որ ներդրողները նախընտրում են իրենց գումարները ներդնել դոլարով։
Ոսկու հետ մեկտեղ հոկտեմբերից բարձրանում է նաև արծաթի գինը և ներկայումս կազմում է 23,3 դոլար, իսկ պլատինը 1063 դոլար է։