Աշխատավարձերի բարձրացում՝ ում և ինչպես կվերաբերի նոր որոշումը
2023 թվականի բյուջեն կավելանա 500 միլիոն լարիով, այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, ավելացված բյուջեն ուղղվելու է աշխատավարձերի բարձրացմանը, ինչպես նաև արդեն իսկ սկսված ծրագրերի ֆինանսավորմանը և ուղղվելու է առողջապահության, կրթության, տնտեսության և այլ ոլորտներին։
«Գիտեք, որ այս տարվա բյուջեն մենք բավականին պահպանողական ենք ծրագրել, այն հաշվարկվել է 5 տոկոս տնտեսական աճի համար, բայց մեր քաղաքականության և բարձր տնտեսական աճի արդյունքում մենք բյուջեն ճշգրտում ենք, փոփոխություններ ենք մտցնում, այս տարվա բյուջեն կավելանա 500 մլն. լարիով: Այստեղ ուզում եմ բոլորին հիշեցնել, որ արդեն երրորդ տարին է, ինչ փոխում և ավելացնում ենք նախատեսված բյուջեն: Գգիտեք, որ մենք վերջին տարիներին կարողացել ենք ֆինանսավորել շատ կարևոր ծրագրեր, այն է՝ դպրոցների վերականգնման ծրագիրը, ավելացրել ենք սոցիալական աջակցությունը՝ տարեկան կես միլիարդից ավելի; Բարձրացրինք մեր ոստիկանների, զինվորների, բոլոր պետական ծառայողների աշխատավարձերը։ Ընդհանուր առմամբ 40 տոկոսով բարձրացել են ոստիկանների ու զինվորների աշխատավարձերը, այս գործընթացները, իհարկե, շարունակվելու են, հունվարին բոլոր քաղծառայողների համար աշխատավարձի բարձրացում է սպասվում։ Մենք կֆինանսավորենք նաև այլ կարևոր ծրագրեր՝ լինեն դա ենթակառուցվածքային, թե սոցիալական այլ ոլորտներ, առողջապահություն։ Ավելացված բյուջեով ֆինանսավորվելու են ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող երեխաները, որոնք կուղարկվեն բարձրակարգ կլինիկաներ։ Սա անձամբ վերահսկվում և ուղղորդվում է նախարարի կողմից։ Բյուջեից հավելյալ միջոցներ կուղղենք նաև ներքին գործերի նախարարությանը, կրթությանը, էկոնոմիկային, բանակին։ Ուզում եմ նաև հակիրճ ասել, որ մենք այս ճշտված բյուջեն կներկայացնենք խորհրդարանին»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ըստ Ղարիբաշվիլիի՝ 2024 թվականի բյուջեի նախնական նախագիծը խորհրդարան կներկայացվի սեպտեմբերի 29-ին։