Թուրքիայում դեղերը թանկանում են. ինչպես դա կանդրադառնա վրացական շուկայի վրա
«Պետք է էապես նվազեցնել կախվածությունը Թուրքիայից ներկրվող դեղերից»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասում է Դեղագործական ընկերությունների ասոցիացիայի ներկայացուցիչների տնօրենը՝ Իրակլի Մարգվելաշվիլին և այսպիսով արձագանքում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմանը, ըստ որի՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից երկրում դեղերը թանկանալու են։
Իրակլի Մարգվելաշվիլիի խոսքով՝ մենք շահում ենք այն փաստից, որ Թուրքիան ունի ցածր գներ, բայց մենք պետք է դա անենք մեթոդաբար, որպեսզի մեր գնային համակարգը հասնի նմանատիպ գների։
«Դժվար է ասել, թե այս ամենն ինչքանով կանդրադառնա այն դեղերի վրա, որոնք այժմ ներկրվում են Թուրքիայից, քանի որ բազմաթիվ բաղադրիչներ կան հաշվի առնելու՝ թե կոնկրետ դեղորայքը ինչ ծավալով է ներկրվում Վրաստան, ո՞ր դեղամիջոցի վրա են ազդել փոխարժեքների տատանումները և այլն։ Ցանկացած նման փոփոխություն ցուցիչ է, որ մենք պետք է զգալիորեն թուլացնենք մեր կախվածությունը Թուրքիայից ներկրվող դեղերից»,- ասել է Իրակլի Մարգվելաշվիլին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ից Թուրքիայում դեղերը կթանկանան 25 տոկոսով։ Նշված հրամանը արձակվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 15-ին։
Նշենք, որ Թուրքիան Վրաստանում դեղորայքի խոշորագույն ներկրողներից է։ 2023 թվականի 11 ամսվա տվյալներով՝ Թուրքիային բաժին է ընկնում դեղորայքի ներմուծման 27%-ը։
Բացի այդ, նախորդ տարվա համեմատ աճել է նաև ներմուծման ցուցանիշը։ Մասնավորապես, Ազգային վիճակագրության տվյալների համաձայն, 2022 թվականին Թուրքիայից Վրաստան է ներմուծվել 65,151 մլն դոլարի դեղամիջոց, իսկ 2023 թվականին այդ ցուցանիշն աճել է 109%-ով՝ հասնելով 136,288 մլն դոլարի։