Միանվագ փոխհատուցում՝ ովքեր կարող են օգտվել և ինչ պայմաններում
Փոփոխություններ են կատարվում խորհրդարանի կանոնակարգում, որոնք նախատեսում են, որ եթե խորհրդարանի աշխատակազմի կենսաթոշակային տարիքը լրացած աշխատակիցները անձնական դիմումի հիման վրա լքեն իրենց աշխատանքը, ապա կստանան միանվագ փոխհատուցում։
Փոփոխությունների համաձայն՝ կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողների փոխհատուցումը կվճարվի խորհրդարանի աշխատակազմի բյուջեից, իսկ փոխհատուցման չափն ու վճարման կարգը կորոշի խորհրդարանի նախագահը իր հրամանով։
Նախագծի համաձայն՝ աշխատողի անձնական դիմումի հիման վրա ծառայությունից ազատվելու դեպքում Ազգային ժողովի նախագահն իրավասու է հրաման տալ՝ սահմանել խորհրդարանի աշխատակազմի կենսաթոշակային տարիքը լրացած աշխատակցին միանվագ փոխհատուցում տրամադրելու կարգը։
«Նշված փոփոխությունը լրացուցիչ սոցիալական պայմաններ կստեղծի խորհրդարանի աշխատակազմի կենսաթոշակային տարիքի հասած աշխատակիցների համար՝ այսպիսով ևս մեկ անգամ արժեւորելով տարիների ընթացքում նրանց ներդրումը խորհրդարանի գործունեության մեջ և հեշտացնելով նրանց ավելի լավ հարմարվել փոփոխված միջավայրին»,- ասված է օրենքի նախագծի բացատրական գրառման մեջ։