Հետազոտված 100 նմուշ մեղրից 5-ում խախտումներ են հայտնաբերվել
Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը 2024 թվականին 100 նմուշ մեղր է ուսումնասիրել՝ ստուգելու վետերինարական դեղամիջոցների և այլ աղտոտող մնացորդների առկայությունը։
Լաբորատոր փորձարկումների արդյունքում 5 նմուշում հայտնաբերվել են հակաբիոտիկների մնացորդներ (մետրոնիդազոլ, քլորաֆենիկոլ, տետրացիկլին)։
«Խախտումների վերաբերյալ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, բիզնես օպերատորներին արգելվել է տվյալ մեղրի վաճառքը, և նրանք պարտավորվել են այն հեռացնել շուկայից», – նշված է գործակալության հաղորդագրությունում։
Վերջին տարիներին մեղրի անվտանգության ստուգումները զգալիորեն բարելավվել են․ եթե 2017-2018 թվականներին խախտումները կազմում էին 50%, ապա 2019-ից ի վեր նման դեպքերը կտրուկ նվազել են։
Այսօր Վրաստանում արտադրվող մեղրը արտահանվում է Եվրամիության և աշխարհի մի շարք երկրներ, իսկ արտադրության վերահսկողության համակարգը 2016 թվականին Եվրահանձնաժողովի կողմից դրական գնահատական է ստացել։