Ամանորի շրջանում մեծ քանակությամբ ձիու միս է վաճառվել – Սննդի անվտանգության մասնագետ
«Իմ տեղեկություններով, Ամանորի շրջանում շատ մեծ քանակությամբ ձիու միս է վաճառվել», – այս մասին հայտարարել է սննդի անվտանգության մասնագետ Իրակլի Արաբուլին։
Նրա խոսքով, բացօթյա առևտրի կետերը չեն վերահսկվում, և հնարավոր է, որ հենց այնտեղ վաճառվի ձիու միս։ «Սպառողները երբեք չպետք է ձեռք բերեն հեշտ փչացող մթերք, այդ թվում՝ միս, բացօթյա առևտրային կետերից։ Այդպիսի առևտուրը չի վերահսկվում։ Ինքնապաշտպանության համար քաղաքացիները երբեք չպետք է գնեն այնտեղ դրված միս՝ անկախ նրանից, թե վաճառողն ինչքան համոզիչ է ներկայացնում, որ այն տեղական արտադրության է։ Մենք երաշխիք չունենք, որ միսը առողջ և անվտանգ է, կամ որ այն իրականում խոշոր եղջերավոր անասունի միս է», – նշել է Արաբուլին։
Նրա խոսքով, ձիու մսի վաճառքը Վրաստանում արգելված է, սակայն դեռևս գրանցվել են նման դեպքեր։ «Չնայած այն հանգամանքին, որ ձիու մսի վաճառքը օրենքով արգելված է, պետական գործակալությունների կողմից հաստատված են նման դեպքեր»։
Ըստ մասնագետի՝ ձիու միսը կարող է վտանգավոր լինել, քանի որ պարունակում է տրիքինելա մակաբույծներ, որոնք ստուգման չեն ենթարկվում։ Բացի այդ, առողջ ձիեր չեն մորթվում. սովորաբար մորթում են ծեր կամ անաշխատունակ ձիերին, որոնք վաճառվում են շատ էժան։
«Ֆիզիկապես շատ դժվար է ձիու միսը տարբերել այլ մսից։ Միակ տարբերությունը, որ ես լսել եմ, այն է, որ ձիերն ունեն մեծ կողոսկրեր, իսկ նրանց միսը մուգ գույն ունի։ Բացարձակ ճշգրիտ որոշման համար անհրաժեշտ է լաբորատոր հետազոտություն», – հավելել է Արաբուլին։
Հասարակական սննդի օբյեկտներում ձիու մսի հայտնվելու հավանականությունը փոքր է, սակայն վտանգը շարունակում է պահպանվել։
«Հասարակական սննդի օբյեկտները պարտավոր են ունենալ N2 ձևաթուղթ և կնիք, ինչը ենթակա է վերահսկման, սակայն ռիսկը միշտ առկա է։ Մի քանի տարի առաջ Վրաստանի մի շրջանում հայտնաբերվել է ձիերի մսագործարան»։