«Խմելու ջուրն ամեն օր դույլերով ենք տանում տուն»: - Ծիրա գյուղի խնդիրները
Ներքին ճանապարհները, խմելու և ոռոգման ջուրը, հասարակական տրանսպորտի պակասը – Ախալցիխեի շատ գյուղերի նման այս խնդիրը անհանգստացնում է նաև հայ ազգությամբ բնակեցված գյուղ Ծիրային:
Ախալցիխեից մի քանի կմ հեռավորությամբ գտնվող գյուղում բնակվում է Քեթո Ջանաշվիլին: Թոշակառու կինն ասում է, որ խմելու և ոռոգման ջրերի հարցը տարիներ շարունակ խնդիր է համագյուղացիների համար:
«Ինձ և ամուսնուս ամեն օր դեղորայք է հարկավոր: Քաղաքից այդքան էլ հեռու չենք ապրում, բայց Ախալցիխե գնալ հաճախ չենք կարող, քանի որ ոչ սեփական մեքենա ունենք, ոչ էլ տրանսպորտ կա», - պատմում է Քեթոն:
Թոշակառու կնոջ նման, առանց ավտոբուսի մնացած գյուղից բողոքում է նաև Լևոն Աբրամյանը: 45-ամյա տղամարդն ասում է, որ ծիրացիների համար հիմնական խնդիր համարվում է ջուրը:
«Ինչ հիշում եմ մեր գյուղում ջրի խնդիրը միշտ առկա է եղել, գարնանը անձրևի հույսով ենք, որ բերքը չփչանա: Խմելու ջուրն ամեն օր դույլերով ենք տանում տուն»,- ասում է գյուղացին:
«Շատ ենք դժվարանում, վառելիքն էլ թանկացել է: Քաղաքում երկու պարկ կարտոֆիլ որ ուզենամ վաճառել, ստացած գումարը պետք է ծախսեմ վառելիքի համար: Այս գարնանը անձրև էլ չկար, դրա համար լավ բերք չենք ստացել»,- ասում է 72-ամյա Սաքո Մաթևոսյանը, ով ապրում է գյուղի կենտրոնում:
Ծիրայում ներքին ենթակառուցվածքից էլ գոհ չեն: Տեղական իշխանությունը բնակչությանը խոստանում է, որ ճանապարհների խնդիրը կլուծվի հենց այս տարի:
Գյուղի աջակցության ծրագրով Ծիրա գյուղին տրամադրվել էր 16,000 լարի, նույնքան գումար ավելացրեց նաև Ախալցիխեի քաղաքապետարանը, և որոշվեց վերակառուցել ճանապարհները:
Խմելու և ոռոգման ջրի վերաբերյալ տեղական իշխանությունը գյուղացիների համար բավարար պատասխան չունի: Քաղաքապետարանում չեն կարող ասել, թե երբ կլուծվի ջրի հարցը, սակայն նշում են, որ այս առումով որոշ աշխատանքներ այնուամենայնիվ տարվում են: Իսկ բնակչությունը ցավում է, որ առանց այն էլ աղքատ գյուղը հետզհետե թշվառանում է: