«Գյուղը կորցրել է իր տնտեսական գործառույթը» – Սոսո Արչվաձե
Վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանի բնակչությունը մոտ 22,300-ով նվազել է։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ եթե 2014-ին երկրի բնակչությունը գերազանցում էր 3.71 միլիոնը, ապա 2024-ին այդ թիվը կազմել է 3.69 միլիոն։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գյուղական բնակչության թիվը զգալիորեն նվազել է, մինչդեռ քաղաքներում բնակվողների թիվն ավելացել է։ Տասնամյակում գյուղերում բնակվողների թիվը 155,000-ով նվազել է, մինչդեռ քաղաքի բնակչությունը 133,000-ով աճել է։
Տնտեսագետ և վիճակագիր Սոսո Արչվաձեն նշում է, որ գյուղական բնակչության կրճատումը պայմանավորված է ինչպես ծնելիության նվազմամբ, այնպես էլ արտագաղթի աճով։
«Շատ գյուղերում աշխատունակ մարդիկ այլևս չեն մնացել։ Գյուղերը կորցրել են իրենց տնտեսական և ժողովրդագրական գործառույթները։ Դպրոցներում նույնիսկ 1-2 աշակերտ ունեցող դասարաններ կան», - ասում է Արչվաձեն։
Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունը Վրաստանի տնտեսության ամենաթույլ հատվածն է։
«Մեզ անհրաժեշտ է խթանող մեխանիզմներ ստեղծել, որպեսզի երիտասարդությունը վերադառնա գյուղեր։ Հակառակ դեպքում, գյուղերը կշարունակեն դատարկվել, ինչը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ կառաջացնի», - ընդգծում է տնտեսագետը։