Հայերն այլևս վրացական լողափերում չե՞ն հանգստանում. օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ
Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի հրապարակած վիճակագրության համաձայն` Հայաստանը չի ներառվել այն երկրների հնգյակում, որոնց քաղաքացիները նախապատվությունը տալիս են Սև ծովի ափի հանգստյան գոտիներին։ 2019 թվականի տվյալների համաձայն` առաջատարներ են Թուրքիան (894750), Ադրբեջանը (206412), Ռուսաստանը (106276), Իսրայելը (100992) և Ուկրաինան (59342).
Այս տվյալները, մեղմ ասած, զարմանալի են` հաշվի առնելով Հայաստանի քաղաքացիների մեծ հետաքրքրությունը հարևան Վրաստանի ու դրա առողջարանների նկատմամբ։ Մեր երկրի բնակիչները հաճախ Վրաստան են գնում նույնիսկ առանց հատուկ առիթի` պարզապես խինկալի ուտելու, միջավայրը փոխելու, մեքենա ու պահեստամասեր գնելու։
«Երևի, սխալ են հաշվել, քանի որ ամբողջ ամառ Քոբուլեթում հայեր էին հանգստանում», – հենց այդպես բացատրեց իրավիճակը Վրաստանի հյուրանոցների ու ռեստորանների միության նախագահ Շալվա Ալավերդաշվիլին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով ներկայացված տվյալները։
Սակայն փորձագետը նաև այլ կերպ պարզաբանեց այդ վիճակագրությունը։ Ալավերդաշվիլու խոսքով` տվյալները հիմնվել են ոչ թե հանգստացողների, այլև երկրի այցելուների քանակի վրա։ Օրինակ` Թուրքիայի քաղաքացիներից շատերը վրացական Բաթումով են Ադրբեջան գնում։ Դրա հաշվին Թուրքիան առաջ է ընկել։ Հասկանալի է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված իրավիճակը. այդ երկրների քաղաքացիներից շատերն անշարժ գույք ունեն վրացական առողջարանային քաղաքներում։
«Սա չի նշանակում, որ Սև ծովի ափը պակաս գրավիչ է դարձել Հայաստանի քաղաքացիների համար», – հավելեց Ալավերդաշվիլին։
Նշենք` 2019 թվականի տվյալների համաձայն` ընդհանուր Վրաստան այցելուների թվով Հայասպանը երրորդ տեղում էր` 1 365 048 մարդ։ Ադրբեջանից Վրաստան էին այցելել 1 526 619 մարդ, Ռուսաստանից`1 471 558։