Կորոնավիրուսը փոխեց արտագնա աշխատանքի մեկնողների կյանքը
Կորոնավիրուսի տարածումն ու արտակարգ դրության հայտարարումն արտագնա աշխատանքի մեկնողներին պահեց տանն ու ժամանակ տվեց վերանայելու որոշումները: Նրանք զբաղվում են տնտեսությունը կարգի բերելով: Ինչքան էլ զարմանալի թվա կորոնավիրուսը բացի բացասական կողմերից, դրակական կողմ էլ ունի: Մշտապես արտագնա աշխատանքի մեկնող ամուսնության տարիքի տղաները, տանը մնալով, որոշել են ընտանիք կազմել:
Այս տարի կորոնավիրուսը փակեց արտագնա աշխատանքի մեկնողների ճանապարհը և նրանց պահեց հայրենիքում: Կորոնավիրուսը շատերին ստիպեց զբաղվել իրենց տնտեսությամբ, գյուղատնտեսությամբ և վերանայել այն որոշումները, որոնք կապված են եղել դրսի աշխատանքի հետ: Գարունը դեռ չբացված շատերը հավաքում են իրերը, փակում ճամպրուկներն ու մեկնում Ռուսաստան: Լավ օրից չեն մեկնում, աշխատանք չունեն: Աճող ընտանիքների մեծ մասը հողամաս չունի.
«Հողամասերը վաճառել են, ով հող ունի զբաղվում է հողամասի մշակությամբ, ով չունի՝ այլ աշխատանք է գտել կամ աշխատում է խոշոր հողատերերի մոտ»,- ասում են Նինոծմինդայում:
Մամիկոն Պողոսյանի 3 որդուց 2-ը խոպան է գնում, արդեն 7 տարի օտար հողում ճանապարհներ են հիմնանորոգում: Պայմաններից չեն դժգոհել: Գործատուն հոգացել է կեցության հարցերը, ժամանակին վճարել: Տարվա 3- 4 ամիսն են տանը լինում: Այս գարնանը ճամպրուկները նորից էին պատրաստել, բայց այդպես էլ մնացին տան մի անկյունում: Երկրում մոլեգնող կորոնավիրուսը փակել էր սահմաններն ու բոլոր ճանապարհները: Ռազմիկ Պողոսյանի ընկերներից մի քանիսը հասցրել էին շուտ խոպան գնալ. «Հունվար-փետրվարին գնացողներն աշխատանք ունեն, հիմա աշխատում են: Մենք սովորաբար մարտ-ապրիլից ենք գնում: Հիմա հողմասով են զբաղված, բայց հողը քիչ է՝ 1 հա, որի մի մասը ծիրանի այգի է, մյուսը՝ խաղողի: Էս տարի բերք չունենք, ցրտահարվել էր այգին»:
Անասուններ էլ ունեն, բայց քիչ: Համոզված են, եթե խոպան չգնան իրենց համար առանձին տուն ու տնտեսություն չեն կարող հիմնել: Եղբայրները 7 տարվա արտագնա աշխատանքով բարելավել են կենցաղային պայմանները: Հիմա տանն են ու այլ աշխատանք չունեն: Եղբայրներից կրտսերն է ամսունացած: Կորոնավիրուսի պատճառով տանը մնացած տղաներից ավագը մոտ օրերս վերանայեց իր անձնական կյանքը և որոշեց ամուսնանալ: Սա արտակարգ իրավիճակի ընթացքում Պողոսյանների ընտանիքի լուսավոր կողմն էր. «Նպատակը կար, բայց դե չէի իրագործում, հիմա ժամանակ ունեցա»:
Գյուղում շինարարություն անողներ կան՝ տանիք են նորոգում, պարիսպ կառուցում, բակեր բարեկարգում: Արտակարգ իրավիճակից գոհ մնացողները կանայք են, տնտեսությունը կարգի է բերվում: