Ջավախքը փակ դռների հետևում. Ռուսաստանը չի բացում սահմանը
2019 թվականին դեկտեմբերին Չինաստանի իշխանությունը հայտարարեց Ուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին։ Պարզվեց` հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։ Այս համաճարակը փոխեց շատերի կյանքը, այդ թվում նաև Ջավախքի բնաչության: Ջավախքահայերը երկար տարիներ շարունակ իրենց ապրուստը վաստակել են արտագնա աշխատանքի միջոցով (Ջավախքից հիմնականում մեկնում են աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն)։
Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ: Կորոնավիրուսի պատճառով արգելվեցին ավիաչվերթները: Բարեբախտաբար Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, ինչպես վկայում են միջազգային փորձագետները, բավականին հաջող են ընթանում, սակայն ջավախքահայերը ուզում են մեկնել Ռուսաստան, որպեսզի վերականգնեն իրենց եկամուտը, քանզի որոշ ընտանիքների եկամուտի միակ աղբյուրը՝ հենց Ռուսաստանն է: Օգոստոսի 20-ի դրությամբ Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակված 4785 նոր դեպք, իսկ կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 942 106-ի։ Մահացել է 16 099 մարդ։
Երիտասարդները, որոնք ամեն տարի հիմնականում Սուրբ Զատկի տոնից հետո կամ ավելի վաղ մեկնում էին արտագնա աշխատանքի, այս տարի անորոշ վիճակում են հայտնվել:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղի բնակիչները նույնպես չեն կարողացել մեկնել արտերկիր: Նրանք գտել են այլընտրանք, ավելացրել են ցանքատարածությունները, գնել են անասուններ, և բացի այդ, սկսել են բարեկարգել գյուղը: Ինչպես ասում են Խանդոյում, նույնիսկ նրանք, ովքեր կով չէին պահում, վերջին օրերին կով կամ հորթ են գնել: Ըստ գյուղի բնակիչ Ռաֆիկ Հակոբյանի՝ նախկինում ցանում էին 20-25 հար, իսկ այս տարի կրկրնապատկել են:
«Գյուղում ոչ միայն սկսել են ավելի շատ կարտոֆիլ կամ հացահատիկ ցանել, այլև սկսել են ավելի շատ կովեր պահել», – ասում է Ռաֆիկ Հակոբյանը:
Գյուղի երիտասարդները չեն դժգոհում, որ կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել մեկնել Ռուսաստան: Խանդո գյուղի բնակիչների նման Նինոծինդայում նույնպես մնացել են հողագործության հույսին:
«Հողամասերը վաճառել են, ով հող ունի զբաղվում է հողամասի մշակությամբ, ով չունի՝ այլ աշխատանք է գտել կամ աշխատում է խոշոր հողատերերի մոտ»,- ասում են Նինոծմինդայում:
Մամիկոն Պողոսյանի 3 որդուց 2-ը խոպան է գնում, արդեն 7 տարի օտար հողում ճանապարհներ են հիմնանորոգում: Պայմաններից չեն դժգոհել: Գործատուն հոգացել է կեցության հարցերը, ժամանակին վճարել. . . Տարվա ընթացքում տանը լինում են միայն 3- 4ամիս: Այս գարնանը ճամպրուկները նորից պատրաստել էին, բայց այդպես էլ մնացին տան մի անկյունում: Երկրում մոլեգնող կորոնավիրուսը փակել է սահմաններն ու բոլոր ճանապարհները: Ռազմիկ Պողոսյանի ընկերներից մի քանիսը հասցրել էին շուտ խոպան գնալ.
«Հունվար-փետրվարին գնացողներն աշխատանք ունեն, հիմա աշխատում են: Մենք սովորաբար մարտ-ապրիլից ենք գնում: Հիմա հողամասով են զբաղված, բայց հողը քիչ է՝ 1 հա, որի մի մասը ծիրանի այգի է, մյուսը՝ խաղողի: Էս տարի բերք չունենք, ցրտահարվել էր այգին»:
Ջավախքի բնակչությունն ակնկալում է, որ սահմանները կբացվեն, և Ռուսաստանում համաճարակային իրավիճակը կբարելավվի:
Ախալցիխեի շրջանի Նաոխրեբ (Նորխեբ) գյուղի բնակիչ Պողոս Մուրադյանը նույնպես իր ընտանիքը ապահովում էր սեզոնային աշխատանքով: Նա ամեն տարի մեկնում էր Ռուսաստան և քաղաք Մոսկվայում աշխատում էր որպես բեռնատար մեքենայի վարորդ:
«Իմ եկամուտի միակ աղբյուրը Ռուսաստան մեկնելն է և մեկ-երկու կոպեկ ստանալը: Հիմա ես ոչ եկամուտ ունեմ, ոչ էլ ոչինչ: Այս համաճարակը ազդել է ոչ միայն ինձ, այլև մեր ամբողջ գյուղի վրա: Տղամարդիկ չեն կարող գնալ սեզոնային աշխատանքի, և եթե մենք ևս մեկ ամիս այսպես մնանք, չգիտեմ թե ինչ կլինի: Ես մեկ երազանք ունեմ, որ բացվեն սահմանները, գնամ այստեղից, քանի որ այստեղ ինձ համար աշխատանք չկա », - ասում է Պողոս Մուրադյանը:
Համաճարագից տուժված Ջավախքի բնակչության նման շատերն են ուզում գնալ Ռուսաստան արտագնա աշխատանքների, Համաճարակը խոչընդոտել է ոչ միայն Վրաստանի, այլ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծրագրերի իրականացմանը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Facebook-ի էջում հրապարակվել է, որ Երևանից և Գյումրիից դեպի Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում առաջիկայում կկայանա 15 չվերթ: Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիների թիվը աճում է, բայց թերահավատորեն են մոտենում այս հարցին։ Կառավարության շենքի դիմաց, օգոստոսի 20–ին, բողոքի ցույցին մասնակցող մի կին ասել է, թե Ռուսաստանի Դաշնությունում անչափահաս երեխա ունի, պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իջնի իրենց մոտ։
«Մենք անհարմար ենք զգում Ռուսաստանին դիմենք, որ գնանք, դա ազգային հարց է, բայց ինքը չի հասկանում։ Մենք չենք դիմում Վլադիմիր Պուտինին՝ իմ անչափահաս երեխան այդտեղ է, ինձ տար. որտեղի՞ց տանի, հայրենիքի՞ց, ես դավաճան չեմ իր նման։ Երեխաս ասում է՝ մամ, ինչո՞ւչ ես դիմում պրեզիդենտին, չեմ դիմելու, ինչքան էլ մնամ, չեմ դիմելու, որովհետև ես հայ եմ, իր նման չեմ։ Ինքը պետք է իջնի վերևից»,- լրագրողների հետ զրույցում վրդովված ասաց կինը: ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրումները կվերսկսի «մերձավոր արտասահմանի» երկրների հետ:
Ըստ աղբյուրների՝ սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի ԱՊՀ մի շարք երկրներ՝ այդ թվում Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան։
Այս հարցին անդրադարձել են Վրաստանի և Ռուսաստանի տարբեր ոլորտի ներկայացուցիչները:
Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ներկայացնող Սերգի Կապանաձեն այն կարծիքին է, որ ՌԴ-ում կորոնավիրուսի մասշտաբները հաշվի առնելով` թռիչքների վերականգնումը սխալ կլինի:
Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի` Վրաստանի համար կարևոր է, որ չվերթները վերականգնվեն «կանաչ գոտու» երկրների հետ: Կապանաձեն թեմային անդրադարձել է` կապված Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության հետ, թե ՌԴ-Վրաստան օդային հաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է: Հիշեցնենք` նախորդ տարվա հուլիսի 8-ին Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցվեց. Կրեմլն այս կերպ որոշել էր «պատժել» Վրաստանի` այսպես կոչված «Գավրիլովյան գիշերվա» և դրան հետևած մասսայական բողոքների ու հակառուսական տրամադրությունների համար:
«Մոսկվան ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցողին, և հույս ունենք, որ ՌԴ-Վրաստան ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է»,- Այս տեսակետն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ուշադիր հետևում ենք` ինչ է կատարվում Վրաստանում, իհարկե սպասում ենք տարածաշրջանում և աշխարհում սանիտարահամաճարակային վիճակի կարգավորմանը, սպասում ենք նաև այլ ուղղություններով կանոնավոր չվերթների վերականգնմանը», — ասել է Լավրովը:
Օգոստոսի 20-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1370-ի: Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 6 903 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 278: