Սեպտեմբերի 22-ը մեր հաղթանակի սկիզբն է լինելու. Բագրատ Սրբազան
Սեպտեմբերի 22-ը մեր հաղթանակի սկիզբն է լինելու: Այս մասին սեպտեմբերի 9-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում սպավող մեծ հավաքին։
Սրբազանը նշեց նաև՝ այժմ ընթացող պայքարի վերջնարդյունքը պետք է լինի երկրում սահմանադրական կարգը վերականգնելը, բարոյական նորմերը վերականգնելը։
«Սեպտեմբերի 22-ին, ժամը 15։00-ին Մարզահամերգային համալիրում մեր մեծ, շատ կարևոր հավաքն է տեղի ունենալու։ Դա հանրահավաք չէ, համագումար չէ, միտված է հանրահավաքային տրամաբանությունից դուրս՝ ճանապարհ ցույց տալու։ Եվ ես գրեթե համոզված եմ, որ դա լինելու է մեր հաղթանակի սկիզբը։ Երկրում տրամադրությունը ամբողջությամբ կա, մնում է՝ ճիշտ ճանապարհով, իրական լուծումներով առաջնորդվել և այս ամբողջ պայքարը հասցնել իր տրամաբանական եզրահանգմանը»,- ասաց Բագրատ Սրբազանը:
Բագրատ Սրբազանը նշել է, որ իր բոլոր խոսքերի համար պատասխանատու է։
«Փաստն այն է, որ գոյություն ունի սպասելիք, այդ ակնկալիքները բավարարելու ցանկություն ու ձգտում, որի վերջնահանգրվանը հաղթանակն է։Կան մարդիկ, որոնք դիտորդի կարգավիճակով սպասում են, որպեսզի երբ Սրբազան պայքարը հասնի մի հանգրվանի, իրենք ձի նստած գան այդ հանգրվանը վայելելու։ Բայց այդ մարդիկ չեն հասկանում, որ սա իր էությամբ հոգևոր ու արժեքային պայքար է, որը հիմքն է բոլոր փոփոխությունների»,- հավելեց Բագրատ Սրբազանը։