Տուգանքը՝ 5 000 լարի – որոշում, որը գործում է ապրիլի 1-ից
Ապրիլի 1-ից Վրաստանում կմեկնարկի ծխախոտի վերահսկման բարեփոխումների հերթական կարևոր կարգավորումը։ Ծխախոտային արտադրանքի վաճառքը թույլատրելի կլինի միայն պարզ, ստանդարտացված փաթեթավորմամբ, – այս մասին տեղեկացնում է Ծխախոտի վերահսկման դաշինքը։
Ծխախոտի վերահսկման դաշինքի տվյալներով՝ օրենքի համաձայն, բոլոր բրենդները պարտավոր են օգտագործել միասնական, ստանդարտ գույնի փաթեթավորում, որի վրա նշված կլինի միայն ապրանքանիշի և ենթաբրենդի անվանումը, բժշկական նախազգուշացումները և այլ պարտադիր տեղեկատվություն։
«Պարզ փաթեթավորման նպատակը ծխախոտային արտադրանքի գրավչության նվազեցումն է, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում։ Հետազոտությունների համաձայն՝ ստանդարտացված փաթեթավորումը նվազեցնում է ծխախոտ օգտագործելու մեկնարկի հավանականությունը և նպաստում է ծխելը դադարեցնելուն։
Նշենք, որ ծխախոտի արտադրանքի պարզ փաթեթավորման կարգավորումը պետք է ուժի մեջ մտներ դեռևս 2018 թվականին, սակայն ծխախոտի արդյունաբերության միջամտության և նրանց պետական լոբբիստների ճնշման պատճառով օրենսդրական փոփոխությունը չիրականացվեց, և կարգավորման ուժի մեջ մտնելը մի քանի անգամ հետաձգվեց։
Ծխախոտի արտադրանքի պարզ փաթեթավորման կարգավորման իրականացումը կարևոր քայլ է հանրային առողջության պաշտպանության ուղղությամբ։ Չնայած հետաձգումներին և արդյունաբերության դիմադրությանը՝ կարգավորման գործարկումը կնպաստի ծխախոտի օգտագործման նվազեցմանը և հասարակության առողջության բարելավմանը։
Նշենք նաև, որ արդեն փետրվար ամսին, ծխախոտի վերահսկման օրենքի իրականացման պետական մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, արձանագրվել են դեպքեր, երբ որոշ արտադրողներ վաճառքի ցանցում արդեն իսկ սկսել են ծախել պարզ փաթեթավորմամբ սիգարետներ։ Իսկ ապրիլի 1-ից սկսած՝ բոլոր խախտումների վերաբերյալ կիրականացվի համապատասխան արձագանք։ Նման դեպքերում տուգանքի չափը սահմանված է 5 000 լարի», – նշված է տեղեկատվության մեջ։