Այսօրվանից Վրաստանում գործող բուժհաստատություններում կներդրվի ֆինանսավորման նոր մոդել՝ կլինիկաների ֆինանսավորման մեխանիզմը փոխվում է: Պացիենտներն այլևս ստիպված չեն լինի վճարել կլինիկայի և պետության սահմանած գների տարբերությունը:
Երբ հիվանդը դիմում է կլինիկա, որը միևնույն ժամանակ համընդհանուր առողջապահական ծրագրի մասնակից է, ապա պացիենտը դառնում է համընդհանուր առողջապահության շահառու և տարբերվող գինը չի վճարում։
Ինչպես պարզաբանում է առողջապահության փոխնախարար Իլիա Ղուդուշաուրին, կլինիկաներն այլևս իրավունք չեն ունենա առանձին ծառայությունների համար հիվանդների համար լրացուցիչ փոխհատուցում պահանջել։
Առողջապահության համընդհանուր ծրագրով նախատեսված համավճարը տարբեր շահառուների համար տարբեր է։ Եթե պացիենտը 1000 լարի արժողությամբ բուժօգնություն պետք է ստանա և ունի 10 տոկոսանոց համավճար, ապա կվճարի միայն 100 լարի:
Այժմյան ֆինանսավորման մեթոդով, բացի այս 100 լարիից, պացիենտը վճարում է նաև կլինիկայի ներկայացրած գնի և պետության ներկայացրած գնի տարբերությունը։ Նոր ծրագրով՝ պացիենտն այլևս ստիպված չի լինի վճարել այս տարբերությունը:
Նշված մոդելը վերաբերում է միայն համընդհանուր առողջապահական ծրագրին և չի տարածվում մասնավոր ապահովագրական ընկերությունների և կլինիկաների վրա։