Մոսկվայի օդանավակայաններում անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով 74 չվերթ հետաձգվել է - Ռոսավիացիա
Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ Ժուկովսկի, Վնուկովո և Դոմոդեդովո, անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով սահմանված թռիչքների սահմանափակումների արդյունքում ընդհանուր առմամբ 74 ավիաչվերթ հետաձգվել է՝ հայտնում է ռուսական մեդիան՝ հղում անելով Ռոսավիացիային։
Ռուսական գերատեսչության ներկայացուցիչը Telegram ալիքում գրում է, որ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը գործել է քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման համար օգոստոսի 31-ի գիշերը և սեպտեմբերի 1-ին, առավոտյան ժամերին:
«Օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով 43 օդանավ ուղղորդվել է պահեստային օդանավակայան»,- հայտարարել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը։
Նշենք, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով, սեպտեմբերի 1-ի գիշերը Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 11 անօդաչու թռչող սարք։ Դրոնները ոչնչացվել են Ռամենսկի, Օդինցովո, Լենինսկի շրջաններում։ Նրանցից երկուսը փորձել են հարձակվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա, իսկ մեկ անօդաչու սարքի ընկնելու պատճառով գործարանի տեխնիկական բաժնում հրդեհ է բռնկվել։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, գիշերը Ռուսաստանի տարածաշրջաններում ոչնչացվել է 158 անօդաչու թռչող սարք, որոնցից երկուսը Մոսկվայում և յոթը՝ Մոսկվայի շրջանում։