ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն այսօր ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը։
Բանաձևը կոչ է անում ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` պաշտոնապես ճանաչելով և հիշատակելով այն, ինչպես նաև մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը:
Այն նաև կոչ է անում խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը:
Վերջին անգամ Ներկայացուցիչների տունը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ավելի քան երեք տասնամյակ առաջ` 1984-ին էր ընդունել. նախաձեռնությունը, սակայն, օրենքի ուժ չէր ստացել, քանի որ չէր արժանացել Սենատի հավանությանը: