Մելիք Ռաիսյան. «Մենք՝ ջավախքցիներս Հայաստանի ու Արցախի ազատության ու իրավունքի կողքին ենք»
Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածու Մելիք Ռաիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակին:
«Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են կատարել Արցախի Հանրապետության վրա: Սա ադրբեջանական կողմի հերթական ագրեսիան է, որի արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ: Ադրբեջանին, թե մարդկային ռեսուրսներով, թե ֆինանսական, թե տեխնիկական անթաքույց օժանդակություն է ցուցաբերում Թուրքիան:
Անպայման ցանկանում եմ նշել, որ հայկական բանակը հերոսաբար մարտնչում ու լուծում է իր առջև դրված առաջադրանքը:
Ամբողջ հայ ժողովուրդը, այդ թվում նաև մենք` ջավախքցիներս ինչպես նախկինում, այդպես էլ այս օրհասական պահին և ապագայում եղել ենք, կանք և լինելու ենք Հայաստանի և Արցախի ազատության և իրավունքի կողքին:
Մայր Հայաատանում և Արցախում պետք է վստահ լինեն, որ մենք պատրաստենք ոչ միայն խոսքով և նյութական օգնությունով սահմանափակվել, այլ նաև պատրաստ ենք մի մարդու նման անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքերիս պայքարել քոչվոր և մարդատյաց ցեղերի դեմ:
Փառք հայոց բանակին և մեր հայ ժողովրդին»,- գրել է Մելիք Ռաիսյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Նախնական տվյալներով՝ հայկական կողմը 31 զոհ ունի, 200-ից ավելի վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։
Jnews.ge